fbpx
Հասարակություն

Եկել եմ՝ Վանոյից խոսեմ. նա արժեքավոր ժառանգություն է թողել. Վիլեն Գաբրիելյան

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը իր Facebook-ի էջում գրառում է արել՝ խոսելով Վանո Սիրադեղյանի մասին:

«Բարի կեսօր Ձեզ, եկել եմ՝ Վանոյից խոսեմ, կներեք, երկար է, չնայած իր մասին սա էլ է քիչ: Ինձ համար Վանոն Հայաստանի պատմության մեջ մի յուրահատուկ կերպար է, եթե չասեմ ամենայուրահատուկ, ավելին, եթե չասեմ երևույթ է՝ թե որպես անձ, թե որպես պետական և քաղաքական մտքի, իր ժամանակին ոչ համանհունչ, իրավիճակը և իրադարձություները ռեալ վերլուծող, շատ ավելի առաջ տեսնող, յուրահատուկ քաղաքական հոտառությամբ և մտածելակերպի տեր գործիչ:

Իսկ որպես գրող-հրապարակախոս՝ ուղղակի իդեալական՝ հայոց լեզվի գերազանց տիրապետությամբ, անսահման բառապաշարով, սուր, անկեղծ խոսքով, իր երկար, շատ երկար նախադասությունների յուրահատուկ կառուցվածքով, որոշ չափով դժվար բառերով, որոնք կենցաղում դժվար թե լսենք, բայց վերջանական արդյունքում, միևնույն է, շատ պարզ ու մատչելի մտքով և բովանդակությամբ:

Ժամանակը, իր մասով հանրային ընկալումներում օբյեկտիվ և իր թշնամիների ու ”բարեկամների” կողմից ներմուծված կեղծ սուբյեկտիվ պատճառներից ելնելով, սկզբից նրան դարձրել էր հրեշ, իսկ հետո այդ նույն ժամանակը նրան սրբագրել է: Այդպիսին ենք մենք՝ որպես հանրույթ:

Վանոյի նման կերպարին մեկ բառով նկարագրելը դժվար է, ընդհանրապես նման մարդկանց միանշանակ նկարագրել հնարավոր չէ: Շատ եմ հավանել, երբ լրագրող Համլետ Ղուշչյանի հարցին՝ դուք բարի՞ եք, ի պատասխան ասել էր, որ ինքը բարի չէ, այլ ավելի շատ կարեկցող է, քանզի ինձ էլ եմ այդպիսին համարում: Սակայն, երևի թե Վանոյին ու Վազգենին ամենալավը, ելնելով իրենց կյանքի ընթացքից, ընկերներիցս մեկն էր նկարագրել՝ ողբերգական կերպարպարներ՝ չնայած հայերենով, ինձ թվում է, այդքան էլ համապարփակ չի հնչում, ռուսերեն ավելի ամբողջական է հնչում՝ трагический՝ թե անձնապես, թե համընդհանուր իմաստով:

Վանոն ինձ համար նաև այն հազվագյուտ իրատեսներից էր, որը հստակ գիտակցում էր անցյալի և ներկայի տարբերությունները, և, ըստ այդմ, ձևավորված օրակարգերի անհամապատասխանությունը, քանզի հասկանում էր, որ քաղաքականությունը հնարավորի արվեստ է, այլ ոչ թե անհնարինի:

Վանոն այն հազվագյուտներից էր, (եթե չասեմ միակը), որը հստակ տարբերում էր ազգ և ժողովուրդ երևույթները՝ գիտակցելով դրանք իրար խառնելու թերությունները, նախապատվությունը որպես նպատակ տալով «քաղաքական ժողովուրդ» ունենալու կարևորությանը, ուշադրություն, ոչ թե քաղաքականացված, այլ քաղաքական. սրանք բոլորովին տարբեր բաներ են՝ «քաղաքական ժողովուրդը» ենթադրում է միավոր, որը ունի հստակ մտածելակերպ, լայն աշխարհհայացք, և ըստ այդմ, ունի հստակ ազգային օրակարգ:

Վանոն այն հազվագյուտներից էր, որը հստակ տարբերում էր ազգայնականը ազգայինից, և բոլոր ազգային գաղափարախոսություններից նախապատվությունը տալիս էր առաջնայինին՝ ազգային պետականության գաղափարախոսությանը:
Եվ վերջում, Վանոյից երկու մեջբերում անեմ՝ մեկը բառացի երկու պատճառով՝ նախ որովհետև կարծում եմ, որ դրվագը, որն ինքը նկարագրում է Երրորդ Հանրապետության ստեղծման ամենամեծ սխալներից էր, որը պետության հիմքերի տակ դրեց կեղծիքներ թուլացնելով այն, իսկ երկրորդ պատճառը ինքներդ կհասկանաք։ Մեջբերում եմ.

«Լիակատար միաբանություն չի լինելու։ Բնության մեջ չկա այդ բանից։ Մենք միաբանված էինք։ Այնքան, ինչքան հնարավոր է, որ միաբանվի մի ժողովուրդ։ Մեր շարժումը ապստամբական շարժման զարգացման տրամաբանություն ունեցավ։ Միաբանված էր՝ տրոհվեց։ Տրոհվել սկսվեց այն օրվանից, երբ Զորի Գայկովիչն ու Սիլվա Բարունակովնան Գորբաչովի մոտից եկան և ժողովրդին տուն ուղարկեցին։ Մոսկվայից զանգում էին՝ ժողովրդին պահեք մինչև գանք։ Ժողովուրդը պիտի պահվեր, որ ճնշում լիներ ու Գորբաչովը նրանց ընդուներ։ Ընդունեց՝ գերխնդիրը կատարված էր, եկան հանդիսավոր ցրելու։ Վերջին շնչումս դա կհիշեմ՝ ժողովուրդը անզորությունից, վիրավորանքից մռնչում, գալարվում ու չէր ուզում հրապարակից հեռանալ։ Արցունքը աչքերին հեռացավ։ Չգնար, կարծում եմ, Արցախի հարցը կտրուկ լուծում կունենար։ Ադրբեջանը քնած էր։ Ադրբեջան չկար։ Քաղբյուրոն շփոթված էր։ Իսկ մենք փոքրոգաբար ապստամբության մեջքը ջարդեցինք։»

Վանոյի մյուս միտքը մեջբերեմ (ոչ բառացի), որը վերաբերում է մարդկային կյանքին: Ասում է՝ մարդիկ, կյանքի ընթացքում ագահությունից ելնելով, մտածում են՝ ինչ ե՞նք տանելու մեզ հետ, մի բան ստեղծենք, մեզ հետ տանենք, դա աբսուրդ է, քանի որ բան չես տանելու հետդ, ստեղծիր, որ քեզանից բան թողնես աշխարհին:

Վանոն ստեղծել է, և սերունդներին, միգուցե ոչ ծավալուն, բայց, ըստ իս, շատ արժեքավոր ժառանգություն է թողել:
Խորին ցավակցություններս ընտանիքին և հարազատներին:

Շնորհակալություն ուշադրության համար

հարգանքով՝ նավակ Ճոճողը»,- գրել է պատգամավորը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ