fbpx
Հայաստան

Մահացել է պետական գործիչ, գրող, հրապարակախոս Վանո Սիրադեղյանը

Vano Siradeghyan

Կյանքից հեռացել է պետական գործիչ, գրող, հրապարակախոս Վանո Սիրադեղյանը։ Վանոյի վտարանդության մեջ մահը ողբերգություն է հայ հանրության համար։ Մարդ, ում ներդրումը հայոց պետականության կերտման և հայ գրականության ժառանգության մեջ հիշվելու է դարերով։

Վանո Սիրադեղյանի ընտանիքը` որդին` Խաչատուր Սիրադեղյանը և կինը` Ռուզան Տոնոյանը գուժել են ազգային, քաղաքական գործչի մահը, որը տեղի է ունեցել հոկտեմբերի 15-ին։ Նոյեմբերի 13-ին կբոլորեր նրա 75-ամյակը։ Նա վտարանդության մեջ էր 21 տարի։

Ազատ TV-ի խմբագրակազմը ցավակցում է Սիրադեղյանի ընտանիքին, ընկերներին, մտերիմներին և Հայ ժողովրդին նրա մահվան կապակցությամբ։

Ստորև ներկայացնում ենք պետակական գործչի կենսագրության համառոտագիրը.

Սիրադեղյանը ծնվել է 1946 թ.-ի նոյեմբերի 13-ին Նոյեմբերյանի շրջանի Կոթի գյուղում։

1974 թ.-ին ավարտել է Երևանի պետական համալսարանը։ Նա բանասեր, լրագրող, արձակագիր էր։

1966-1969 թթ.-ին ծառայել է խորհրդային բանակում։ Աշխատել է մի շարք պարբերականներում։

Հայաստանի Անկաշության շարժման կազմակերպիչներից էր, «Ղարաբաղ» կոմիտեի անդամ։ 1988 թ.-ի դեկտեմբերից 1989 թ.-ի մայիսը բանտարկված է եղել կոմիտեի մյուս անդամների հետ։

1990-1991 թթ.-ին աշխատել է ՀՀ անտառտնտեսության վարչության պետ, 1991-1992թթ.-ին՝ ՀՀ նախագահի ներքին քաղաքականության և սոցիալական հարցերի խորհրդական։

1990-1992 թթ.-ին եղել է ՀՀՇ վարչության նախագահ։

1992-1997 թթ-ին. եղել է ՆԳ նախարար, 1997-1998թթ.-ին՝ Երևանի քաղաքապետ։

1990-1992թթ.-ին՝ ԳԽ պատգամավոր (թիվ 13 ընտրատարածք), ՀՀՇ խմբակցության անդամ։

1997-1999թթ.-ին՝ ԱԺ պատգամավոր (թիվ 73 ընտրատարածք), «Հանրապետություն» խմբակցության անդամ։

1997–2000 թթ.-ին եղել է ՀՀՇ վարչության նախագահ։

1999թ. մայիսի 30-ին ՀՀ ԱԺ պատգամավոր է ընտրվել թիվ 75 ընտրատարածքից։ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։

2000 թ.-ին հեռացել էր Հայաստանից քաղաքական հետապնդումների պատճառով՝ հայտնվելով վտարանդության մեջ։

Ամուսնացած էր, ուներ հինգ երեխա։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ