Քաղաքականություն

Շուշիի մասին վարչապետի ելույթն ամբողջությամբ խեղաթյուրվել է. Ռուբեն Ռուբինյան

ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը ասաց, որ վարչապետի ելույթն ամբողջովին խեղաթյուրվել է և խեղաթյուրված է ներկայացվել և՛ մամուլում, և՛ տարբեր ընդդիմադիր քաղաքական գործիչների խոսքում։

«Ընդհանրապես, այդ հարցուպատասխանի թեման չի եղել Շուշիի հայկական կամ ադրբեջանական լինելը։ Շուշին պատմական հայկական քաղաք է, և դա պատմագիտական փաստ է։

1987 թվականի դրությամբ Շուշիի բնակչության մոտ 90 տոկոսը կազմել են ադրբեջանցիները, հետևաբար, ենթադրյալ վերադարձի դեպքում շուշիի բնակչությունը պետք է 90 տոկոսով դառնար ադրբեջանական: Վարչապետը հետադարձ հարց է ուղղել՝ արդյոք եթե ես համաձայնեի Շուշի փախստականների վերադարձին, որ բնակչությունը 90 տոկոս ադրբեջանական դառնար, այդ պայմաններում արդյո՞ք Շուշին շարունակելու էր մնալ հայկական։ Երբ հռետորական հարց էր ուղղում՝ 90 և ավելի տոկոս ադրբեջանական բնակչություն ունեցող Շուշին այդ կարգավիճակի բերումով արդյո՞ք իր համաձայնելու դեպքում հայկակա՞ն էր լինելու, ես կարծում եմ, որ ոչ: մանավանդ, որ չէր ֆիքսվում Արցախի կարգավիճակը, դա բերելու էր նրան, որ Շուշին անցնելու էր ադրբեջանական վերահյսկողության տակ»,-ասաց նա։

Ռուբինյանը հավելեց, որ վարչապետը չի մերժել փախստականների, այդ թվում Շուշի վերադարձի հարցը. «Նա համաձայնել է այն պայմանով, որ դա կարգավիճակի հարցի առնվազն ճշգրտման հետ համընթաց: Համաձայնեք, որ մի բան է, երբ փախստականները վերադառնում են, երբ ոչ միջանկյալ կարգավիճակ կա ֆիքսված, ոչ կա վերջնական կարգավիճակի ֆիքսման առնվազն մեխանիզմ, մեկ այլ բան է, որ դա տեղի է ունենում այդ պայմաններում»,-ընդգծեց նա:

Հարցին՝ արդյո՞ք փախստականների վերադարձի դեպքում Շուշին այդուհանդերձ, հայկական վերահսկողության ներքո չէր լինելու, Ռուբինյանը պատասխանեց հարցով․ «1992 թվականի սկզբին Շուշին արդյո՞ք հայկական վերահսկողության ներքո էր։ Ոչ, Շուշին ազատագրվեց 1992-ից հետո։ 90 և ավելի տոկոս ադրբեջանական բնակչություն ունեցող Շուշին 1992-ի սկզբին հայկական վերահսկողության ներքո չէր, չնայած այն փաստին, որ այն և՛ նախկին ԼՂԻՄ-ի կազմում էր, և՛ Արցախի»,-ասաց նա։

Հարցին՝ հետահայաց անելով՝ այդ որոշումը սխա՞լ է եղել, թե՞ ոչ, Ռուբինյանն արձագանքեց․ «Իմանալով արդեն պատերազմի արդյունքը՝ անշնորհակալ գործ է գնահատել՝ սխա՞լ որոշում էր, թե՞ ոչ։ Կա մի փաստ՝ պատերազմի արդյունքը լավը չէ։ Իմ գնահատականը հետևյալն է՝ եղել է իրավիճակ, երբ կա՛մ երաշխավորված պետք է կորցնեինք Շուշին, կա՛մ կարող էինք պայքարել դրա համար, մենք պայքարել ենք»։

Ռուբինյանն ընդգծեց, որ ընդդիմության մի զգալի հատված գիտակցաբար խեղաթյուրել է վարչապետի խոսքերը:

Այս մասին տեղեկանում ենք news.am-ից:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ