Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շարունակվում են պետական կառավարման մարմինների 2019-2020թթ. գործունեության հաշվետվությունների լսումները: Այդ մասին տեղեկացնում են կառավարությունից:
Նշվում է, որ առաջին անգամ քննարկվել է կառավարությանը ենթակա տեսչական մարմինների գործունեության կատարողականը: Վարչապետին այսօր զեկուցվել է Առողջապահության և աշխատանքի, Կրթության, Շուկայի վերահսկողության տեսչական մարմինների կողմից 2019թ. և 2020թ. առաջին 8 ամսվա ընթացքում իրականացված աշխատանքների մասին:
Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը նախ ներկայացրել է տեսչական ոլորտում իրականացվող ծրագրերը: Նա նշել է, որ 2018թ. ոլորտի բարեփոխման շրջանակում 18 տեսչության օպտիմալացման արդյունքում ձևավորվել է 6 տեսչական մարմին: Վերջիններս կառավարությանը ենթակա մարմիններ են, գործառույթների հստակ տարանջատման շնորհիվ անկախ են քաղաքականություն մշակող մարմնից, և չկա շահերի բախում, ինչպես նախկինում: Որպես կարևոր ձեռքբերում՝ նշվել է տեսչական բոլոր մարմիններում ռիսկի վրա հիմնված ստուգումների համակարգի ներդրումը, որի շրջանակում պլանային ստուգումներն իրականացվում են տնտեսվարող սուբյեկտների գործունեության ռիսկայնության աստիճանը հաշվի առնելով, այլ ոչ թե պատահականության սկզբունքով:
Ա. Ասոյանի խոսքերով՝ 2020թ. կորոնավիրուսային հակահամաճարակային կանխարգելիչ միջոցառումների շրջանակում իրականացվել է մոտ 81000 ստուգայց, հայտնաբերված խախտումների արդյունքում կասեցվել է 5300 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն: Ներկայումս աշխատանք է տարվում տեսչական մարմինների գործունեության արդյունավետության գնահատման չափանիշների փոփոխության, օրենսդրական կարգավորումների բարելավման, հանրային վերահսկողության և ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման գործուն մեխանիզմների ձևավորման ուղղությամբ:
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը ներկայացրել է կատարված աշխատանքները՝ նշելով, որ
– 2019թ. ձեռք է բերվել աշխատանքային նոր գույք և համակարգչային տեխնիկա, բարելավվել են աշխատանքային պայմանները, ինչի խնդիրը չէր լուծվում 2017-ից։
-ԱԱՏՄ Մեղրիի բժշկասանիտարական հսկիչ կետը տեղակայվել է Մեղրիի մաքսակետում հատկացված նոր տարածքում, որտեղ ապահովված են աշխատանքային բարվոք պայմաններ, վարակիչ հիվանդություններին բնորոշ ախտանշանների դեպքում անձին մեկուսացնելու հատված։ Ընթացքի մեջ են «Զվարթնոց» օդանավակայանում հսկիչ կետի զննման սենյակի կառուցման աշխատանքները:
-Օրենսդրական փոփոխությունների արդյունքում՝ արտակարգ դրության ընթացքում աշխատողների իրավունքների խախտման վերաբերյալ բողոքներն այսուհետ քննելու է ԱԱՏՄ-ն, ամբողջական վերահսկողությունը կմեկնարկի 2021-ից։ Նախատեսվում է ներդնել բողոքների ներկայացման էլեկտրոնային համակարգ:
– 2019 թ. հարուցվել 1674 վարչական վարույթ, ինչը 2018 թ. համեմատ աճել է 1466-ով: 1674-ից 548-ն իրականացվել է գազա- և բենզալցակայաններում հասարակական զուգարաններին ներկայացվող սանիտարական կանոնների և նորմերի պահանջների կատարումը պարզելու նպատակով։ 2020թ. արտակարգ դրության շրջանում իրականացվել է 23144 մշտադիտարկում, հարուցվել է 710 վարչական վարույթ:
– Գործարկվել են ԱԱՏՄ թեժ գիծը և նոր կայքը՝ https://hlib.am/ հասցեով, կատարվել են իրազեկման լայնածավալ աշխատանքներ:
– ԱԱՏՄ-ն գլխամասը և տարածքային կենտրոնները կունենան նոր շենքեր, ինչով կտնտեսվեն վարձակալությանն ուղղվող պետական միջոցները։
Վարչապետը հետաքրքրվել է, թե արդյոք, մասնավորապես, սանհանգույցների մասով վարույթների հարուցման արդյունքում իրականացված աշխատանքները նպաստել են այս ուղղությամբ որակական փոփոխության: Ա. Ասոյանը և Հ. Ավագյանը նշել են, որ ԱԱՏՄ-ն համագործակցում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ, շարունակաբար իրականացվում է հանրային սանհանգույցների գույքագրում, այս կապակցությամբ մշակվել և շրջանառվում է առաջարկների փաթեթ:
Կրթության տեսչական մարմնի ղեկավար Ալեքսանդր Շագաֆյանը, անդրադառնալով կատարված աշխատանքներին, նշել է, որ 2019թ. ստուգումների ընթացքում դրական դինամիկա է արձանագրվել սովորողներին տրված գրավոր աշխատանքների արդյունքների, հանրակրթության ոլորտում մեկ ստուգման արդյունքում միջին ռիսկային միավորի և նաև ստացված դիմումների թվի առումով: Որոշակի խնդիրներ են արձանագրվել նախադպրոցական, հանրակրթական և միջին մասնագիտական հաստատություններում հաստիքների համալրման առումով:
2020թ. արտակարգ դրության պայմաններում իրականացվել է 1086 մշտադիտարկում մանկապարտեզներում, հայտնաբերված խախտումներով պայմանավորված` մի քանի օրով կասեցվել է 15 մանկապարտեզի գործունեություն: Հեռավար կրթության ներգրավվածությունը պարզելու նպատակով իրականացվել է էլեկտրոնային հարցում. 400 դպրոցի և 45 նախնական ու միջին մասնագիտական հաստատության կողմից լրացված հարցաթերթերի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ հեռավար ուսուցման գործընթացում ներգրավվածությունը կազմում է 80 տոկոս: Քննարկման է ներկայացվել «Կրթության բնագավառի պետական վերահսկողության մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը կնպաստի կրթության բովանդակության նկատմամբ առավել արդյունավետ պետական վերահսկողության ապահովմանը:
Վարչապետ Փաշինյանն անդրադարձել է ուսումնական հաստատություններում դասավանդման որակի հարցին և հետաքրքրվել այս ուղղությամբ կատարվող աշխատանքներով: Ալ. Շագաֆյանը տեղեկացրել է, որ դա իրականացվում է գրավոր աշխատանքների հանձնարարման, դասալսումների ինստիտուտի կոնցեպտուալ բարեփոխման և կրթական գործընթացի գնահատման միջոցով: Հաշվի առնելով կարողությունների և ռեսուրսների սահմանափակ լինելը՝ ԿՏՄ-ն դիտարկում է նորարարական տեխնոլոգիաների միջոցով գործընթացի ինքնաշխատ կազմակերպման հնարավորությունը:
Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանը ներկայացրել է ոչ պարենային արտադրանքի, չափումների միասնականության ապահովման և թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի նկատմամբ իրականացված վերահսկողության արդյունքները: Նրա խոսքով՝ հաշվետու ժամանակահատվածում իրականացվել են օրենսդրական փոփոխություններ, ստուգումների ծավալը 40 տոկոսով ավելի է եղել նախատեսվածից՝ կատարվել է 743 ստուգում, արձանագրվել է 503 խախտում: Մասնավորապես՝
– Սեղմված բնական գազի վաճառքը ավտոգազալիցքավորման ճնշակայաններում (ԱԳԼՃԿ-ներում) այժմ իրականացվում է կգ-ով: 2019թ. մայիսից մինչ օրս իրականացված ստուգումների ժամանակ թերլիցքավորման դեպքեր չեն հայտնաբերվել:
– Հանվել է չափագիտական նորմերի պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացնելիս 3 աշխատանքային օր առաջ տնտեսվարող սուբյեկտին տեղեկացնելու պահանջը. արդյունքում ավելացել են բենզալցակայաններում և հեղուկ գազի լցակայաններում թերալցումների բացահայտման դեպքերը, նվազել է թերալցումների վերաբերյալ ստացվող բողոքների թիվը։
Ա. Կոտոլյանն անդրադարձել է նաև ավտոմոբիլային բենզինի և դիզելային վառելիքի, հեղուկացված ածխաջրային գազերի, խաղալիքների, երեխաների և դեռահասների համար նախատեսված արտադրանքի ոլորտներում առկա ռիսկերին: Նշվել է, որ նախկինում ՇՎՏՄ-ն ուսումնասիրում էր միայն համապատասխան սերտիֆիկատի առկայությունը, օրենսդրական բարելավումների արդյունքում հիմա գնահատվելու է նաև արտադրանքի համապատասխանությունը չափանիշներին: Այժմ շրջանառվում է նաև խախտումների համար պատասխանատվության միջոցների խստացման վերաբերյալ առաջարկների փաթեթը:
Վարչապետին մանրամասներ են ներկայացվել տեսչական մարմնի կազմում լաբորատոր փորձարկումների իրականացման հնարավորությունների վերաբերյալ: Քննարկվել են տեխնիկական հագեցվածության բարելավմանը վերաբերող հարցեր:
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը, ամփոփելով ներկայացված զեկույցները, նշել է, որ 2018թ. առ այսօր մեծածավալ աշխատանք է իրականացվել հատկապես տեսչական մարմինների գործունեության օրենսդրական բազայի կարգավորման առումով, և Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի հետ դրական համագործակցություն է իրականացվում: