fbpx
Իրավական

Վարչապետի աշխատակազմի և ՍԴ-ի միջև լարվածությունն ակնհայտ է․ Բադասյան

Ի գիտություն ենք ընդունել համազեկուցողների հայտարարությունը և ցանկանում ենք անել այնպիսի քայլեր, որոնք չեն բերի լարվածության: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանի իշխանությունները մինչ այս պահը գործել են ամբողջությամբ իրավաչափ դաշտում՝ իրավաչափ ուղիներ փնտրելով ՍԴ ճգնաժամը լուծելու համար:

«Երեք կարևոր դիտարկում, որը Հայաստանի հարցով համազեկուցողներն առանձնացրել են, և ես կարևորում եմ: Առաջինը, հիշում եք, որ մեզ երկար ժամանակ փորձում են համոզել, որ 2015 թվականի փոփոխություններով Սահմանադրությունը ամեն ինչ շատ հստակ կարգավորել է, ու դրա համար հիմիկվա փորձերը տեղին չեն և համազեկուցողների արձագանքն ավելի քան համոզիչ ու հստակ է, որ այն նպատակը, որը մենք հետապնդում ենք, այսինքն՝ 2015 թվականի փոփոխություններով նախանշված Սահմանադրական դատարանի մոդել ունենալը ամբողջությամբ լեգիտիմ է:

Երկրորդ հանգամանքը, որ ես կառանձնացնեի, որ Հայաստանում սկսված բարեփոխումները չպետք է վտանգվեն այս ճգնաժամի արդյունքում, այսինքն շեշտվում է բարեփոխումների կարևորությունը հայաստանյան օրակարգում և ընդհանուր տպավորությունը արձագանքից այն է, որ Հայաստանի իշխանությունների մոտեցումներն ամբողջովին հասկանալի են, շեշտվում է, որ Կառավարությունն ու խորհրդարանը մինչ այս պահը գործել են ամբողջությամբ իրավաչափ դաշտում, իրավաչափ ուղիներ փնտրելով ՍԴ ճգնաժամը լուծելու համար և ևս մեկ անգամ կարևորեմ, որ ՍԴ ճգնաժամը մեր բարեփոխումների ընթացքին չպիտի խոչընդոտ հանդիսանա, կարծում եմ, որ այդ ճգնաժամը պետք է լուծվի,-ասաց նա:

Արդարադատության նախարարը, անդրադառնալով այն հարցին, որ համազեկուցողները ասել են, որ լարվածություն կա վարչապետի աշխատակազմի ու ՍԴ-ի միջև, ասաց, որ ակնհայտ է, որ լարվածություն կա:

«Իմ կարծիքով՝ լարվածությունն առաջանում է նրանից, որ քաղաքական գործչին բնորոշ արտահայտություններ ու ձևակերպումներ են հաճախ կատարվում ՍԴ-ի կողմից՝ խրամատի զինվոր, էդ ի՞նչ խրամատ ա, էդ խրամատի զինվորը ումի՞ց ու ի՞նչ արժեք ա պաշտպանում, ումից ա պաշտպանում, ոնց ա պաշտպանում, այսինքն նման արտահայտությունները, որոնք քաղաքական գործչին են ավելի բնորոշ, կարծում եմ այս լարվածության ստեղծման պատճառն են: Եվ երկրորդ կոմպոնենտը, որը խիստ լարվածություն է ստեղծում, դա աննախադեպ ճնշումն է ՍԴ դատավորների նկատմամբ, ովքեր կարող են դիմել վաղ կենսաթոշակի: Նկատի ունեմ, որ բոլոր միջոցներով ու մեթոդներով իրենց փորձում են զերծ պահել այդ քայլից: Դա ակնհայտ է, կարող եք նայել սոցցանցերում ինչ գրառումներ են կատարում, որ լրատվականներն են դրանք տարածում»,-ասաց նա:

Հարցին, թե իշխանության կողմից չկա՞ ճնշում դատավորների նկատմամբ, նախարար Ռուստամ Բադասյանը ասաց, որ չկա։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ