fbpx
ՏՏ

12:50 7/6/2019

Վարչապետը հանդիպել է Իսրայելի էկոնոմիկայի նախարարության նորարարության կենտրոնի տնօրենի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում հանդիպել է Իսրայելի էկոնոմիկայի նախարարության նորարարության կենտրոնի տնօրեն Ահարոն Ահարոնի հետ:

Վարչապետը կարևորել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի և Իսրայելի միջև համագործակցության զարգացումը ու նշել, որ այդ բնագավառը ՀՀ կառավարության առաջնային ուղղություններից մեկն է: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ կառավարության նպատակն է տնտեսության կաուցվածքում լոկոմոտիվ դարձնել բարձր տեխնոլոգիական ոլորտը ու այդ նպատակով գործադիրն իր գործիքակազմերով անելու է ամեն ինչ` խթանելու ոլորտի զարգացումը: Վարչապետն Իսրայելի էկոնոմիկայի նախարարության նորարարության կենտրոնի տնօրենին տեղեկացրել է, որ այս տարվա աշնանը Երևանում անցկացվելու է Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը և իսրայելական ընկերություններին հրավիրել մասնակցելու այդ կարևորագույն միջոցառմանը:

Ահարոն Ահարոնը նշել է ՏՏ ոլորտում երկու երկրների միջև համագործակցության զարգացման մեծ ներուժը և այդ առումով կարևորել մասնավոր հատվածների միջև փոխգործակցությունն ու կապերի ընդլայնումը: Ահարոն Ահարոնը վստահություն է հայտնել, որ երևանյան կոնգրեսին իրենց մասնակցությունը կունենան իսրայելական տարբեր ընկերությունները: Նա նշել է, որ 1971 թվականից սկսած պետությունը մեծ ուշադրություն է դարձրել տեխնոլոգիական ոլորտին և ներկայացրել այն քայլերը, որոնք նպաստել են բնագավառի զարգացմանը:

Փոխգործակցության առումով Ահարոն Ահարոնն առաջարկել է դիտարկել Հայաստանում իսրայելական ՏՏ ոլորտի ներկայացուցչության ստեղծումը և միջպետական պայմանագրի ստորագրումը:

 

Վերեվ