fbpx
Հասարակություն

Մեր խնդիրը Հայաստանում խորքային փոփոխություններ անելն է. վարչապետը Նյու Յորքում հանդիպել է հայ համայնքին (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով գտնվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում։

Նյու Յորք այցի առաջին օրվա ավարտին Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը Նյու Յորքի Սուրբ Վարդան եկեղեցում հանդիպում են ունեցել տեղի հայ համայնքի շուրջ 500 ներկայացուցիչների հետ։

Եկեղեցու մուտքի մոտ Հայաստանի վարչապետին և նրա տիկնոջը դիմավորել են ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի առաջնորդ Դանիել Եպիսկոպոս Ֆընդիկյանը, Վիգեն Արքեպիսկոպոս Այքազյանը և Մեսրոպ վարդապետ Պարսամյանը։ Նյու Յորքի հայության ներկայացուցիչները Նիկոլ Փաշինյանին և Աննա Հակոբյանին դիմավորել են ջերմ ծափողջույններով և մեծ խանդավառությամբ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ողջունել է Նյու Յորքի հայության հարյուրավոր ներկայացուցիչներին և հանդես եկել ելույթով.

«Սիրելի հայրենակիցներ,

ինձ համար իսկապես մեծ պատիվ և հաճույք է հանդիպել ձեզ հետ։ Անցյալ տարի, երբ մենք այցելեցինք եկեղեցի, ինչը ծրագրում նախատեսված չէր, որովհետև մտածում էինք, որ ժամանակի խնդիր կլինի, բայց այնպես ստացվեց, որ այցելեցինք, ափսոսանքի մեծ զգացում ունեցա, որ չենք պլանավորել նաև Նյու Յորքի հայության հետ հանդիպում։ Այս տարի մտածեցինք, որ չենք հեռանա Նյու Յորքից՝ առանց ձեզ հետ հանդիպելու։ Այնպես որ շատ ուրախ եմ։

Երեկ չէ առաջին օրը մենք Լոս Անջելեսում բավական լավ և տպավորիչ հավաք ունեցանք, և այդ հավաքում ես ելույթ ունեցա, որտեղ խոսեցի մեր համազգային կյանքի մի քանի կարևոր ասպեկտների մասին։ Ես չեմ ցանկանա կրկնել այն, ինչ ասել եմ նախորդ օրը Լոս Անջելեսում։ Ընդհանուր առմամբ կուզենայի կիսվել հետևյալով, թե ինչպիսի տպավորություններ ունեմ հեղափոխությունից անցած 1 տարի 5 ամսից։

Ամենակարևոր տպավորությունը հետևյալն է. ընդհանրապես փոփոխությունների ճանապարհը բավական դժվար ճանապարհ է, և երբ հեղափոխությունը տեղի ունեցավ, հեղափոխությունից հետո ամենակարևոր մարտահրավերը, որին մենք ականատես ենք լինում, այն է, որ մարդիկ հասկանան, որ այն ամենը, ինչ ասվում է և տեղի է ունեցել, իսկապես իրականություն է, որովհետև ինչքան էլ տարօրինակ թվա՝ ոչ բոլորը և միշտ չէ, որ արձանագրում են, որ դա իսկապես իրականություն է։

Օրինակ, ես չեմ հասկանում, թե ինչպես կարելի է այս բոլոր իրադարձություններից, քաղաքական փոփոխություններից հետո Հայաստանի Հանրապետությունում լինել պետական պաշտոնյա և մտածել, որ հնարավոր է նորից կաշառք վերցնել, ինչ-որ ապօրինություն թույլ տալ։ Դա ինձ համար ամենազարմանալի հարցն է, որի պատասխանը չեմ գտնում։ Դուք գիտեք, որ շատ հաճախ՝ ամեն ամիս, երբեմն ամեն շաբաթ կաշառքով, ընդ որում, առձեռն ինչ-որ պաշտոնյա է ձերբակալվում, և ես չեմ կարողանում հասկանալ այդ մարդկանց մտքի աշխատանքի տրամաբանությունը։ Ես միշտ այդ հարցն եմ տալիս՝ այդ մարդիկ հեռուստացույց չե՞ն նայում, այդ մարդիկ լուրեր չե՞ն կարդում, այդ մարդիկ Հայաստանի Հանրապետությունի՞ց են, թե՞ ոչ։

Սա թերևս ամենամեծ մարտահրավերն է, որովհետև հեղափոխությունից հետո, երբ այդ տոնախմբությունն իր ավարտն է ունենում, և անցնում ես առօրյա աշխատանքին, երբեմն հանդիպում ես հայացքների, առաջարկությունների՝ ինչ եղավ, այս ամեն ինչը լավ է, իսկ ե՞րբ ենք բաժանելու մեր փողերը, ոլորտները, ներմուծման քվոտաները, և հասկանում ես, որ իրականում առանձին վերցրած փոքր խմբի մեծ չի տարածված այդ երևույթը։ Սա թերևս ամենամեծ մարտահրավերն է»։

Հայաստանի Հանրապետության վարչապետի ելույթից հետո Նյու Յորքի հայության ներկայացուցիչները հարցեր են ուղղել նրան։ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է Հայաստանում կաշառակերության դեմ պայքարին, պետական կառավարման որակի բարձրացմանը, տնտեսության առաջնահերթություններին, գործազրկության հաղթահարմանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը, մարդկանց տնտեսական գործունեության քաջալերմանը, Հայաստանում կրթության ոլորտի բարեփոխումներին և տեսլականին, տեխնոլոգիաների ոլորտի զարգացման գերակայություններին, սփյուռքահայ երիտասարդության կապը հայրենիքի հետ ամրապնդելուն և հայկական ինքնության պահպանմանը, բժշկական նորարարական տեխնոլոգիաների ներդրմանը վերաբերող և մի շարք այլ հարցերի։

Կից ներկայացվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Նյու Յորքի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման տեսանյութը։

Նյու Յորքի Սուրբ Վարդան եկեղեցու տարածքում բացվել է նաև թավշյա հեղափոխությանը նվիրված ցուցահանդես։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ