fbpx
Հասարակություն

Վարդավառը կնշվի հուլիսի 28-ին

Այս տարի Քրիստոսի Պայծառակերպության տոնը նշվելու է հուլիսի 28-ին:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն, Ասկերանի շրջանի հոգևոր հովիվ Տեր Մեսրոպ քահանա Խունոյանը:
Նրա խոսքով՝ Քրիստոսի Պայծառակերպությունը Հայ Առաքելական Եկեղեցու հինգ տաղավար տոներից մեկն է:

«Այն նաև Պետրոս, Հովհաննես և Հակոբոս առաքյալների առջև Քրիստոսի այլակերպության հիշատակն է, որն, ըստ ավանդության՝ տեղի է ունեցել Թաբոր լեռան վրա: Քրիստոսի Պայծառակերպության մասին վկայում են Մատթևոս (17: 1-13) Մարկոս (9: 1-12) և Ղուկաս (9: 28-36) ավետարանիչները:Հայ եկեղեցին Քրիստոսի Պայծառակերպությունը տոնում է Զատիկից 98 օր հետո՝ հունիսի 28-ից մինչև օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում: Այս տարի այն նշվելու է հուլիսի 28-ին: Հայաստանյայց եկեղեցին այն կոչում է նաև Այլակերպության տոն կամ Վարդավառ: Վերջինս հին հայկական տոնի անվանումն ունի, որից պահպանվել է նաև միմյանց վրա ջուր ցողելու սովորույթը: Պայծառակերպության տոնին հաջորդող երկուշաբթի օրը մեռելոց է: Թե ինչպես են նշել Արցախցիները, տեղեկությունները քիչ են: Հիմնականում կազմակերպում էին ուխտագնացություններ, ջրոցի էին խաղում, ժողովրդական երգեր երգում ու ազգային պարեր պարում»,-մասնավորապես ասել է նա:

Անդրադառնալով Արցախում եկեղեցական տոնի առթիվ կազմակերպվելիք միջոցառումներին՝ նա ասել է, որ այս տարի ուխտագնացություն է կազմակերպվելու դեպի Գանձասար, քանի որ Պայծառակերպության տոնը համարվում է Գանձասարի վանքի ուխտի օր (այդ օրն է օծվել), իսկ Ասկերանի Սուրբ Աստվածածին եկեղեցում մատուցվելու է Սուրբ Պատարագ, որից հետո՝ ժամը 13:30-ին, եկեղեցու մոտ տեղի է ունենալու միջոցառում, որն ուղեկցվելու է խաղերով, երգ ու պարով, ասմունքով: Հանրապետության մյուս եկեղեցիներում ևս մատուցվելու է Սուրբ Պատարագ:

Գրում է «Արցախպրեսը»։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ