Մարզեր

Վարդենիսում բացվել է Քաղաքացիների սպասարկման գրասենյակ

Փետրվարի 4-ին Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում բացվել է Քաղաքացիների սպասարկման գրասենյակ (ՔՍԳ), որը հիմնվել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ/GIZ) կողմից իրականացվող «Լավ տեղական ինքնակառավարում Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում։ Ծրագիրն իրականացվում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համատեղ՝ Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության աջակցությամբ ու Հայաստանում Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (ՇԶՀԳ) համաֆինանսավորմամբ:

Բացմանը մասնակցել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը, ԱԺ պատգամավոր, Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանը, ՀՀ-ում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Ստեֆանո Լազզարոտտոն, Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության փոխդեսպան Կլաուս Վենդելբերգերը, այլ պաշտոնատար անձինք և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ։

«Լավ տեղական ինքնակառավարում Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում հանրապետության համայնքներում արդեն գործում է Քաղաքացիների սպասարկման 32 գրասենյակ, ինչը թույլ է տալիս «մեկ պատուհան» սկզբունքի համաձայն քաղաքացիներին մատուցել բարձրորակ ծառայություններ, բարձրացնել համայնքապետարանի աշխատանքի արդյունավետությունն ու թափանցիկությունը, դյուրացնել համայնքապետարաններում իրականացվող վարչական գործընթացները:

Համայնքապետարանում և ՔՍԳ-ում աշխատանքներն իրականացվում Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգի (ՀԿՏՀ) կիրառմամբ, որը թույլ է տալիս ապահովել համայնքապետարանի աշխատանքների արդյունավետ կառավարում, բնակիչներին մատուցել վարչական ծառայություններ անմիջապես բնակավայրում և առցանց, հետևել դիմումների և գրությունների ընթացքին:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՏԿԵՆ պաշտոնական կայքից։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ