Վաշինգտոնի նահանգի նահանգապետ Ջեյ Ինսլին հրաժարվել է այն քաղաքական գործիչների նախընտրական մրցարշավին մասնակցելուց, որոնք հավակնում են Դեմոկրատական կուսակցությունից թեկնածու առաջադրվել 2020 թվականի ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում: Այս մասին նա հայտարարել է MSNBC հեռուստաալիքին տված հարցազրույցում:
«Ակնհայտ Է դարձել, որ ես չեմ կարողանա դառնալ առաջատար, ես չեմ դառնա նախագահ, ուստի այսօր ես դուրս եմ գալիս մրցարշավից»,- ասել է նա:
Ինսլին դրական է գնահատել իր կողմից անցկացված նախընտրական արշավը և շնորհակալություն է հայտնել այն 130 հազար մարդկանց, որոնք աջակցել են իրեն:
«Ես վստահ եմ, որ մենք կունենանք թեկնածու, որը կկարողանա մարտնչել այս ճակատամարտում»,- նշել է նա:
Դեմոկրատների թեկնածու առաջադրվելու մտադրության մասին Ինսլին հայտարարել էր ընթացիկ տարվա մարտի սկզբին: Իր տեսաուղերձում Վաշինգտոնի նահանգապետն ուշադրությունը կենտրոնացրել էր այն բանի վրա, որ նախընտրական արշավի ժամանակ իր հիմնական նպատակը լինելու է պայքարը կլիմայական փոփոխությունների դեմ:
ԱՄՆ-ի նախագահի հիսունիններորդ ընտրությունները կանցկացվեն 2020 թվականի նոյեմբերի 3-ին: