fbpx
Հասարակություն

Ես լուսանկարել եմ իրականության մեջ այն ամենը, ինչ կար․ Վաղինակ Ղազարյանը՝ Քնած զինվորը լուսանկարի մասին

Պատերազմական իրավիճակում լուսանկարի գեղարվեստականության պահպանում, էթիկայի կանոններ, ֆոտոլրագրության բացթողումներ․ այս և այլ հարցերի շուրջ Azat TV-ին զրուցել է «Քնած զինվորը» լուսանկարի հեղինակ Վաղինակ Ղազարյանի հետ։

– Ցանկացած լուսանկար գեղարվեստական տարր ունի իր մեջ: Ինչը՞ կարող է գեղարվեստական դարձնել պատերազմական իրավիճակում արված լուսանկարը: Ինչպե՞ս լուսանկարել, որ պատերազմական իրավիճակում գեղարվեստական կողմը պահենք։

– Գեղարվեստականությունը շատ տարբեր ձև կարող է ընկալվել, որովհետև համաշխարհային լուսանկարչության մեջ այսպիսի տենդենց կա, որ դեմ է նույնիսկ այդ գեղարվեստականությանը, այսինքն՝ պետք է ֆոտոն արտացոլի, թե ինչքանով է կյանքը գեղարվեստական և ոչ գեղարվեստական։ Նույնիսկ այդպիսի հատուկ մտածված մոտեցումներ կան։ Պետք է հասկանանք գեղարվեստական ասելով ինչ նկատի ունենք, գեղեցիկ ֆոտո, թե իրականություն։ Եթե իրականությունը գեղարվեստական է, ուրեմն լուսանկարիչը այդպես էլ պատկերում է։ Մյուս կողմից ինտուիցիան, ստացած կրթությունը, ձևավորված ճաշակը, մտածելու ձևը կարող է ազդել նույնիսկ պատերազմական իրավիճակում, որ լուսանկարիչը, դրանից ելնելով, կադրը կառուցի։ Դա կախված է նրանից, թե հեղինակը ինչ է ուզում և ինչ հարց ունի իր մեջ։ Իհարկե, լինում են իրավիճակներ, որ չես հասցնում այդ ամենի մասին մտածել, որովհետև ինչ որ գործողություն է տեղի ունենում, բայց եթե դա քո մեջ կրում ես, ինչ որ ձևով կարող է արտահայտվել։ Գեղարվեստական կողմը պահելը ինքնանպատակ չէ, դա մարդու մեջից հարցի առաջացման, պատկերման ձև է։ Կարող է լինել և՛ գեղարվեստական, և՛ հակագեղարվեստական, կարևորը, որ լինի իրականության հետ կապ ունեցող, ճշմարիտ։ Եվ դրա հետ մեկտեղ, եթե գեղարվեստական կառուցվածքը պատկերում լինում է, ոչ միայն վիզուալ գեղեցկությունը, այլ ներքին ուժը, իհարկե, ավելի լավ, որովհետև ամեն լուսանկարիչ իր էսթետիկան ունի և այս կամ այն կերպ ներկա է գնվում իր արած աշխատանքում։ Իմ նպատակը իրականությունը, ճշմարտությունը փոխանցելն է, իհարկե, իմ սուբյեկտիվ իմացության և կարողության միջոցով։ Եթե իրականության մեջ կա բնատուր գեղարվեստականություն, և ես կարողանում եմ դա ընդգծել, դա կարող է գեղարվեստական չլինել, բայց դրանից չկորցնի իր կյանքի ուժը, որը իրականությունից է բխում։

– Ձեր «Քնած զինվորը» նկարը World Press Photo ֆոտոժուռնալիստիկայի միջազգային հեղինակավոր մրցույթում դարձել է 3 մրցանակակիրներից մեկը։ Ինչպես դուք եք նշել, լուսանկարը պատահական եք արել, անգամ միայն հասցրել եք մեկ կադր ֆիքսել։ Ձեր լուսանկարում գեղարվեստական կողմը պահպանված է։ Հետաքրքիր է ձեր թիրախում եղե՞լ է զինվորը, թե՞ ամեն դեպքում կադրն եք առաջինը նկատել։

– Իմ ուշադրության կենտրոնում եղել է քնած զինվորը։ Քայլելիս, երբ այդ պահը նկատեցի, այնքան արագ կատարվեց լուսանկարելը, որ այդ պահին գեղարվեստականության մասին չէի մտածում։ Իմ կանգնած կետից արագ ֆիքսեցի այն պատկերը, ինչ որ տեսել եմ․ իդեալական էր։ Լուսանկարում մի քանի հանգամանք է համընկել՝ գծային հեռանկարը, լուսանկարչի և զինվորի դիրքը, պերեսպեկտիվան, հորիզոնի տեղը, մայրամուտը։ Ես լուսանկարել եմ իրականության մեջ այն ամենը, ինչ կար, այսինքն՝ ես չեմ սպասել, որ մայրամուտ լինի կամ զինվորը գա այդտեղ պարկի։ Կարող էի էլի առաջ գնալ, բայց չգնացի, չգիտեի զինվորը երբ կարթնանա, իհարկե, միանգամից արթնացավ։ Այդ հեռավորությունը այդ պահին ինձ ճիշտ թվաց։ Դա վայրկյանների աշխատանք էր:

– Ըստ ձեզ, ինչքանո՞վ է կարևոր, որ լուսանկարիչը պատերազմի ժամանակ լուսանկարի միջոցով ոչ թե փոխանցի միայն տեղեկատվություն, այլ երևա լուսանկարչի անհատականությունը։

– Երբ որ դու վավերագրում ես, դրա մասին չես մտածում։ Ես շատ տեղերում եմ եղել, որտեղ շատ թափթփված և չդասավորված էր, այդտեղ չես կարող հատուկ գեղարվեստականություն մտցնել։ Կարող է լինել, բայց դա լուսանկարչության այլ ճյուղ է։ Մեր դեպքում չենք մտածում, որ դիտողը հաճույք ապրի։ Իսկ «Քնած զինվորը» նկարի դեպքում հանգամանքները այդպես էին դասավորվել։ Բայց, այո, միայն տեղեկատվություն փոխանցելով չէ։ Լուսանկարիչը իր մեջ հարց ունի, որը այս կամ այն կերպ լուսանկարներում երևում է։ Դրանից է բխում պատկերը ինչպես կլինի և գումարած՝ իրականություն։ Եթե լուսանկարչի խնդիրը միայն տեղեկատվություն տալն է, առանց որևէ վիզուլ էսթետիկայի, դա էլ կարող է լինել, եթե նրա նպատակը դա է։ Եթե նրա նպատակը միայն տեղեկատվություն տալը չէ, այլ որոշակի հոգեվիճակ, երևույթ, տենդենց փոխանցելը, մեկ է այն ինչ որ փաթեթավորում ստանում է՝ բխած իրականությունից և լուսանկարչի դիտանկյունից։ Եթե անհատականությունը կա, ուրեմն այն կտեսնենք, կախված է լուսանկարչի հոգեվիճակից, քանի որ նույն մարդը կարող է և՛ լավ նկարել, և՛ վատ։

– Ի՞նչ կփոխեիք ֆոտոլրագրության մեջ, ըստ ձեզ, ի՞նչ բացթողումներ կան ոլորտում։

– Ոչ միայն Հայաստանում, այլ նաև տարածաշրջանում խնդիր կա, որ լրատվամիջոցը ունի պրոֆեսիոնալ ֆոտոխմբագրի պակաս։ Լուսանկարիչը միշտ չէ, որ կարող է իր սեփական նյութը լավ հավաքել։ Երկրորդը, տպագիր մամուլի, ամսագրերի պակասությունը և փոքր ներքին շուկան, որը ևս խնդիր է ստեղծում։ Երրորդը, որ թեմաները ավելի երկար նկարվեն, քանի որ այն պատկերային առումով ավելի նոր անկյուններ է բացահայտում։ Երբ գնում ես ինչ-որ թեմա լուսանկարելու և վերադառնում ես, նորից գնալու դեպքում լուսանկարելու բան միևնույն է լինում է։ Կարճատև նկարահանումը մակերեսային է, մեր ֆոտոլրագրության մեջ կա խնդիր ավելի երկար աշխատել մի թեմայի, մի նյութի շուրջ՝ ժամանակի, մտածելու տևողության առումով և նույն տեղը վերադառնալու, եթե, իհարկե, դա իրադարձային ռեպորտաժ չէ։ Իրադարձայինի դեպքում այլ կանոններ են գործում։

– Պատերազմական դրության ժամանակ լուսանկարելիս ունե՞ք ձեր առաջ դրված սկզբունքներ, որով լուսանկարում եք, քանի որ կան էթիկական սահմաններ։

– Սկզբունքներ ընդհանուր լուսանկարչության մեջ կան, օրինակ, երբ կարող ես օգնել, ոչ թե լուսանկարել, երբ մարդը վատ վիճակում է, չլուսանկարել, կամ եթե շատ կարևոր է, հարցնել։ Այսինքն՝ կապված է լուսանկարչի ցանությունը ինչն է, ինչ է ուզում ցույց տալ։ Համաշխարհային օրենքներ կան և պահպանվում են, դրան գումարած՝ նաև լուսանկարչի անձնական ներքին էթիկայի հարցերը։

– Ունե՞ք նախընտրելի լուսանկարիչ, որի աշխատանքներին հետևում եք։

– Նախընտրելի լուսանկարիչները տարբեր շրջաններում կարող են փոփոխվել։ Կարող եմ նշել կինոռեժիսորների՝ Անդրեյ Տարկովսկի և Ջիմ Ջարմուշ։

– Ինչպե՞ս կանվանեք լուսանկարչությունը մեկ բառով։

– Հարցադրում։ Հարցադրում կարող է դեպի քեզ լինել կամ դեպի այն թեման, ինչ լուսանկարում ես։

Հեղինակ՝ Վիկտորյա Հովեյան

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ