fbpx
Իրավական

Զինվորականները հարբած են եղել․ Վայոց ձորի մարզպետը՝ Եղեգնաձորում տեղի ունեցած ծեծկռտուքի մասին

Ես տվյալ դեպքին ներկա չեմ եղել, և դա ապացուցող շատ հանգամանքներ կան: Այս մասին Գյումրիում անցկացվող Հայաստանի անկախության 28-րդ տարեդարձին նվիրված միջոցառման ընթացքում ասաց Վայոց Ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը՝ անդրադառնալով Եղեգնաձորում սեպտեմբերի 18-ի գիշերը զինվորականների և մարզպետարանի աշխատակիցների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպին, որի ժամանակ կոչումով փոխգնդապետ զինվորականներից մեկը ծանր մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:

«Այդ ապացույցներից են, օրինակ, մեր շենքի բակում եղած տեսախցիկների ձայնագրությունները, թե ինչպես եմ եկել տուն և միջադեպի ժամանակ տնից դուրս չեմ եկել»,-ասաց Սարգսյանը։

Մարզպետը չցանկացավ գնահատական տալ իր օգնականի գործողություններին՝ նշելով, որ կսպասի քննության ավարտին:

«Որքանով ես եմ տեղյակ, եղել են հարբած վիճակում գտնվող 4 կամ 5 զինվորականներ, որոնք օգնականիս տուն գնալու ժամանակ վիճաբանության են ներքաշել իրեն և փորձել վնասել»,-մեկնաբանեց մարզպետը:

Վերջինս նշեց, որ իր տեղեկություններով՝ օգնականը ծեծի չի ենթարկել այժմ կոմայի մեջ գտնվող փոխգնդապետին:

«Չեմ կարծում, որ այդ մարդը կարող էր ծեծի ենթարկվել, որովհետև, ինչպես որ տեղեկացել եմ, բավականին ամրակազմ սպաներ են եղել»,-ասաց Սարգսյանը, իսկ հարցին, թե այդ դեպքում ինչպես է ստացվել, որ վերջինս կոմայի մեջ է հայտնվել, պատասխանեց.

«Իմ տեղեկությամբ, երբ հետապնդել է իմ օգնականին մինչև բնակարան, այդ աստիճաններից է ընկել, ոչ թե իրեն հարվածել են: Դա ես գիտեմ իմ օգնականի պատմելով, թե այլ բան է եղել կամ այլ բան չի եղել, դա արդեն գործի քննությունը կբացահայտի»:

Հարցին՝ մտավախություն չունի՞, որ ինքը ևս կարող է պատասխանատվության ենթարկվել, եթե ապացուցվի միջադեպին իր մասնակցությունը, Վայոց Ձորի մարզպետը պատասխանեց. «Դա չի կարող ապացուցվել, որովհետև ես այնտեղ չեմ եղել»:

Աղբյուրը՝ Tert.am

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ