fbpx
Քաղաքականություն

Վազգեն Սարգսյանը կարող էր գլխացավանք դառնալ չեկիստական ուժերի համար. Գագիկ Քամալյան

Երկու օրից լրանում է հայաստանյան նորագույն պատմության ամենաողբերագական իրադարձություններից մեկի քսանամյա տարելիցը։ Հոկտեմբերի 27-ի մասին բազմաթիվ անգամներ խոսվել է, ու կարծես թե ամեն բան ասվել է այս մասին, բայց այսօր ես ևս մեկ անգամ կխոսեմ այդ ահաբեկչության թողած քաղաքական հետևանքների մասին։

Ես այն մարդկանցից եմ, որ երբեք չեմ պնդել ու հիմա էլ չեմ պնդում, որ եթե Հոկտեմբերի 27-ը չլիներ, ապա Վազգեն Սարգսյանն ու Կարեն Դեմիրճյանը կստեղծեին ժողովրդավարական արժեքներով ապրող երկիր։ Շատերի պնդմամբ՝ այդ ահաբեկչության նպատակը եղել է Հայաստանի զարգացման ընթացքը կանխելը, ինչը միգուցե ունի իր մեջ ճշմարտություն, բայց ես կարծում եմ, որ այդ ահաբեկչության նպատակները շատ ավելի խորքային էին։

Այս ամենը հասկանալու համար առաջին հերթին անհրաժեշտ է արձանագրել, որ Հայաստանի, այսպես կոչված, ռազմավարական դաշնակից Ռուսաստանում այդ ժամանակահատվածում տեղի էր ունենում ելցինյան էպոխայի ավարտը, ինչը չէր կարող իր ազդեցությունը չթողնել Հայաստանի քաղաքական դաշտի վրա։ Այո՛‚ ելցինյան Ռուսաստանը իր էությամբ ամբողջովին այլ երկիր էր, իսկ նրա հեռանալուց հետո, բնական է, որ փոխվելու էին խաղի կանոններ… Ահա հենց այդ խաղի փոփոխվող կանոնների ենթատեքստում պետք է փնտրել շատ հարցերի պատասխաններ։

Ո՞վ էր Վազգեն Սարգսյանը, և արդյո՞ք նրա կերպարը կարող էր խանգարել ռուսական քաղաքական տիրույթում սահմանված նոր խաղի կանոններին, որը սկսել էր ղեկավարվել չեկիստական աշխարհի կողմից։ Իմ համոզմամբ՝ Վազգեն Սարգսյանը անկախ այն հանգամանքից, որ դեմոկրատ մարդ չէր, բայց նա ռուսական քաղաքական մշակույթից հեռու մարդ էր, նա տիպիկ հայկական անձնավորություն էր, որի համար չեկիստական մեծապետականությունը խորթ ու անհասկանալի բան էր։ Ահա հենց այս հանգամանքը, միգուցե պարադոքսալ կարող է հնչել, բայց իրականում շատ կարևոր պահ է, որովհետև չեկիստական ուժերի համար Հայաստանը ռուսական մետրոպոլիայի համար եզրային հենակետ է (ֆորպոստ), իսկ Վազգենի նման խառնվածք ունեցող մարդը աշխարհաքաղաքական առումով շատ լուրջ գլխացավանք կարող էր դառնալ նրանց համար հատկապես այդ ժամանակաշրջանում…

Հիմա շատերդ կմտածեք՝ բա հայաստանյան շահառուների մասին ինչի՞ չեք խոսում։

Սիրելի՛ ընթերոցողներ, առանց հայաստանյան շահառուների այս թեմայի մասին անհնար է խոսել։ Հոկտոմբերի 27-ը նման կերպով չէր կարող իրականանալ, եթե հայաստանաբնակ ռուսաֆիկացված քաղաքական շահառուներ ու պրոպագանդիստներ չլինեին։

Ովքե՞ր կարող են ենթադրաբար լինել այդ ռուսաֆիկացված շահառուները։ Ես այդպիսի երկու պրոպագանդիստական խումբ գիտեմ․ մեկը արցախյան շարժման ժամանակ ձևավորված զորիբալայանական կաստան էր, մյուսը՝ դաշնակցության հայաստանյան որոշ գործիչներ։ Իհարկե, այս ամենը ոչ մեկը չի կարող պնդել, քանի դեռ այդ գործի մասով տեղի չի ունեցել արդար քննություն, բայց Հոկտեմբերի 27-ից հետո շատ բաներ կատարվեցին, որոնք չէին կարող պատահական լինել։

Առաջինը այն է, որ բուն ահաբեկչությունը իրականացնող ավազակախմբի պարագլուխ Նաիրի Հունանյանը նախկին դաշնակցական է…

Երկրոդը՝ որոշ ցուցմունքերի համաձայն՝ նա ահաբեկչական ակտը իրականացնելուց հետո զանգահարել է Հրանտ Մարգարյանին…

Երրորդը՝ մինչև այսօր ոչ մեկը չի կարողանում հասկանալ՝ ինչպես կարող էր երկրի նախագահը բանակցել համար մեկ ահաբեկչի հետ, և այդ բանակցությունները չձայնագրվեին…

Չորրորդը՝ ամբողջ դատավարության ընթացքում ինչի՞ համար էր Ռոբերտ Քոչարյանը հանդես գալիս խիստ սուբյեկտիվ մեկնաբանություններով…

Հինգերորդը՝ ինչո՞ւ Ռոբերտ Քոչարյանը ազատվեց Վազգեն Սարգսյանի բոլոր հավատարիմ գործընկերներից…

Վեցերորդը՝ ինչու՞ նրա քաղաքական համախոհ Սերժ Սարգսյանը ԱԺ-Կառավարություն հարց ու պատասխանին չէր մասնակցում։ Այս մասով մինչև այսօր բերվող պատճառաբանությունները մանկամտական են…

Սրանք հարցեր են, որ այդպես էլ մնացին անպատասխան, ինչը թույլ է տալիս շատ ենթադրություններ անել…

Հոկտեմբերի 27-ի թողած քաղաքական հետևանքների արդյունքում մենք տեսանք, որ ձևավորվեց աբողջովին այլ քաղաքական համակարգ։ Ինչպես Ռուսաստանում Պուտինը բանդիտական կապիտալիզմը վերածեց քաղաքական կառավարման միջոցի, այնպես էլ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը։ Եթե մինչև այդ ֆիդայական ու շուստրի տղերքի զորբայությունն էր՝ փոքր տնտեսական լծակներով, ապա Հոկտեմբերի 27-ից հետո նրանք դարձան խոշոր տնտեսվարողներ, ինչի հետևանքով էլ իշխանությունը միաձուլվեց տնտեսության հետ։ Սա պատահական չէր կարող լինել, որովհետև տնտեսության նմանաբովանդակ վիճակը ամբողջովին հարմարեցված էր ռուսական խաղի կանոններին ու շարունակում է այդպես մնալ։ Ռուսաստանը հենց այդ միջոցով է, որ այսօր էլ կարողանում է զսպել հայկական նորաթուխ ժողովրդավարությունից եկող ինքնիշխանության դրսևորումները։ Հոկտեմբերի 27-ով ոչ միայն իշխանագողերը ուզուրպացրին իշխանությունը, այլ նաև գողացան երկրի ինքնիշխանության լծակները, որի հետևանքները մինչև այսօր չենք կարողանում հաղթահարել։

Սիրելի՛ հայրենակիցներ, ամեն դեպքում այսօրվա ստեղծված իրավիճակը թույլ է տալիս հավատալ, որ մենք կարող ենք հաղթահարել Հոկտեմբերի 27-ի հետևանքները։ Այնպես որ, եկեք հավատանք, որ մենք կարող ենք դիմադրության ուժ ցույց տալ, որովհետև հայաստանցի մարդը ապացուցեց, որ Հոկտեմբերի 27-ին ու Մարտի 1-ին արձակված դավադիր գնդակները չեն վախեցրել իրեն, և նա ամեն պահի կարող է գործել։

Գագիկ Քամալյան

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ