Պակիստանի նախկին վարչապետ Իմրան Խանը նախազգուշացրել է Պակիստանի կառավարությանը առաջիկա վեց օրվա ընթացքում նոր ընտրություններ նշանակել, հակառակ դեպքում նա կրկին երթով կմեկնի մայրաքաղաք՝ միլիոնավոր մարդկանց հետ միասին: Այս մասին հայտնում է Al Jazeera-ն։
69-ամյա Խանը նշել է, որ վերջին 24 ժամում տեսել է, որ կառավարությունը ազգը տանում է դեպի անարխիա։
Կառավարությունն ավելի վաղ զորքեր էր կանչել՝ հսկելու կարևոր շենքերը, այդ թվում՝ խորհրդարանը և նախագահի ու վարչապետ Շեհբազ Շարիֆի գրասենյակները: Կառավարությունը նման միջոցների է դիմել Խանի կողմնակիցների և ոստիկանների միջև բախումներից հետո:
Իսլամաբադում իր կողմնակիցների հանրահավաքի ժամանակ Խանը հայտարարել է, որ իր աջակիցներից հինգը սպանվել է բռնությունների ժամանակ ամբողջ երկրում։ Այս պնդման վերաբերյալ կառավարությունն առայժմ որևէ մեկնաբանություն չի արել:
Իմրան Խանը Պակիստանի վարչապետն էր 3,5 տարի, մինչև անցյալ ամիս խորհրդարանը անվստահության քվե հայտնեց նրան և հեռացրեց պաշտոնից։ Այդ ժամանակից ի վեր նա հանրահավաքներ է կազմակերպել ամբողջ երկրում՝ ասելով, որ իր պաշտոնանկությունը ԱՄՆ-ի կողմից աջակցվող դավադրության և Շարիֆի հետ գաղտնի համաձայնության հետևանքով է եղել։ Երկու կողմն էլ հերքել են այս մեղադրանքները։
Պակիստանի տարբեր քաղաքներում վերջին օրերի ընթացքում զանգվածային ցույցեր են տեղի ունեցել, որոնք վերածվել են անկարգությունների և ոստիկանության հետ բախումների։
