fbpx
Աշխարհ

Վենեսուելայի բանակը թույլ չի տվել հումանիտար օգնություն ներմուծել երկիր

Վենեսուելայի բանակը փակել է Կոլումբիայի հետ սահմանի անցակետի կամուրջը և թույլ չի տվել, որ հարևան Կոլումբիայից հումանիտար օգնություն ներմուծվի երկիր, ինչին ձգտում էր երկրի ընդդիմությունը։ ԱԺ նախագահ, իրեն նախագահի պաշտոնակատար հռչակած Խուան Գուաիդոն անձամբ էր համակարգում երկրին հումանիտար օգնություն տրամադրելու հարցերը։

Հումանիտար օգնություն խնդրելուն դեմ է արտահայտվում մի շարք երկրների կողմից մերժվող նախագահ Նիկոլաս Մադուրոն։ Նա հայտարարել է, որ իրենք ողորմություն չեն խնդրելու ոչ ոքից, եթե ուզում են իրենց օգնել, թող հանեն պատժամիջոցները։

Այս հարցը դարձել է երկիշխանության մեջ գտնվող Վենեսուելայում իշխող երկու ուժերի միջև ևս մեկ բաժանարար գիծ։ Գուաիդոն հայտարարել է, որ հումանիտար օգնությանը խանգարելն այն կարմիր գիծն է, որ Մադուրոյի իշխանությունը չպետք է անցնի։ Սակայն զինված ուժերի մեծ մասն առայժմ ենթարկվում է Մադուրոյին, ու նա փաստորեն անցել է այդ գիծը։

Ինչ վերաբերում է Վենեսուելայի ճգնաժամին, ապա այն սկսվել է այն բանից, որ այնտեղ այժմ հաստատված է երկիշխանություն՝ մի մասը նախագահ է համարում Նիկոլաս Մադուրոյին, որն ընտրվել է որպես նախագահ ու շարունակում է պաշտոնավարել, իսկ նախագահի պաշտոնը նրա հետ վիճարկում է խորհրդարանի ընտրված նախագահ Խուան Գուաիդոն, որն իրեն հռչակել է երկրի նախագահի պաշտոնակատար և որին աջակցում է հանրության զգալի հատվածը:

Խնդիրն ավելի է խորացել, երբ տարբեր պետություններ սկսել են կա՛մ Մադուրոյին, կա՛մ Գուաիդոյին ճանաչել որպես այդ երկրի ղեկավար: Միացյալ Նահանգները մեկն է այն պետություններից, որ որպես Վենեսուելայի նախագահ (պաշտոնակատար) ճանաչում է Գուաիդոյին։ Ռուսաստանը և փոքրաթիվ այլ երկրներ նախկինի պես որպես Վենեսուելայի նախագահ ընդունում են Մադուրոյին։

Հայաստանն առայժմ պաշտոնական տեսակետ չի հայտնել այս կապակցությամբ։

Ռուսական լրատվամիջոցների հարցերին պատասխանելիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հայկական կողմը հետևում է իրադարձությունների զարգացմանը, նմանություն չի տեսնում Հայաստանում իրականացված խաղաղ գործընթացների հետ ու առայժմ հարկ չի համարում գնահատական տալ այդ ամենին։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ