fbpx
Աշխարհ
11:30 23/12/2019

Վենեսուելայի ընդդիմությանը մեղադրում են զորամասի վրա հարձակվելու մեջ

Վենեսուելայում ընդդիմության ներկայացուցիչները դեկտեմբերի 22-ին հարձակում են իրականացրել երկրի հարավում գտնվող զորամասի վրա և գողացել այնտեղ պահվող զենքը: Այս մասին Twitter-իր էջում գրել է երկրի պաշտպանության նախարար Վլադիմիր Պադրինոն։

«Այսօր վաղ առավոտյան (դեկտեմբերի 22-ին) ընդդիմության ծայրահեղական ուժերը հարձակում են իրականացրել երկրի հարավում տեղակայված զինվորական ստորաբաժանման վրա և մեծ քանակությամբ զենք հափշտակել»,-նշել է նախարարը:

Նրա խոսքով՝ հարձակման ժամանակ զոհվել է մեկ զինծառայող, հանցագործները ձերբակալվել են:

Ավելի ուշ Վենեսուելայի կապի և տեղեկատվության նախարար Խորխե Ռոդրիգեսը հայտարարել է, որ ընդդիմության ներկայացուցիչները, որոնք հարձակվել են զորամասի վրա, գործել են Կոլումբիայի և Բրազիլիայի իշխանությունների թելադրանքով:

«Այդ հանցագործները մարզվել են Կոլումբիայի տարածքում հայտնի ռազմական ճամբարներում և աջակցություն են ստացել Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուի վարչակազմի կողմից»,- ընդգծել է Ռոդրիգեսը Twitter-ում՝ հավելելով, որ իրավապահները բռնել են վեց հանցագործի:

Մինչդեռ Վենեսուելայի արտաքին գործերի նախարար Խորխե Արերասան ասել է, որ Պերուի իշխանությունները կարող են ներգրավված լինել երկրի հարավում գտնվող զորամասի վրա հարձակմանը: Այս մասին նա ևս գրելէ իր Twitter-ում:

Որպես փաստարկ նա հայտնել է, որ Պերուում չեն կանխել իրենց ստորաբաժանումների վրա հարձակում իրականացրած խմբավորման տեղակայումը:

Արտաքին գործերի նախարարը հարձակումը կազմակերպած ընդդիմության անդամներին «ահաբեկիչներ» է կոչել:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ