Կառավարության ծրագրի նախագծում նշված 4 հիմնական խնդիրներից մեկը մարդկային ներուժի զարգացումն է, որը լինելու է գործադիրի առաջիկա 5 տարվա աշխատանքի առանցքում։ Դրա համար խնդիրը բաժանված է ենթախնդիրների, որոնց թվում հիշատակվում է նաև սփյուռքահայության ակտիվ ներգրավումը։ Ենթախնդիրները հետևյալն են․
- կրթության քաջալերումը, որակյալ կրթության ապահովումը, կրթության միջազգայնացումը,
- տնտեսության կառուցվածքային փոփոխությունների և երկարաժամկետ մրցունակության նպատակադրման համար պահանջվող մասնագիտական ներուժի զարգացումը՝ կրթության և գիտության ոլորտների արդիականացման միջոցով,
- հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների և արժանապատվության պաշտպանությունը և նրանց սոցիալական ներառման ապահովումը,
- առողջապահության ոլորտի արդիականացումը և բարելավումը, որակյալ առողջապահական ծառայությունների մատչելիության և հասանելիության ապահովումը,
- առողջապահական ապահովագրության համակարգի ներդրումը,
- սոցիալական պաշտպանության ոլորտի զարգացումը՝ հասցեականության բարձրացման միջոցով,
- ժողովրդագրական կայունության և զարգացման ապահովումը, ծնելիությանը խթանումը,
- սփյուռքի ներկայացուցիչներին Հայաստանի Հանրապետության կառավարման համակարգում ներգրավելու օրենսդրական արգելքների վերացումը: