fbpx
Հասարակություն

Պեմզաշենում սպանված կնոջ ամուսինն արտերկրից վերադարձել է գյուղ

Նախօրեին Պեմզաշեն բնակավայրի տներից մեկում սպանված հայտնաբերված 31-ամյա կնոջ ամուսինը Ռուսաստանից վերադարձել է գյուղ։ Այս մասին Պեմզաշենից հաղորդում է NEWS.am–ի թղթակիցը։

NEWS.am–ի թղթակցի հետ զրույցում հարևաններն ու դպրոցի ուսուցիչները պատմել են, որ իրենք այսօր հարցաքննվել են նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում։

Հարևանների խոսքով՝ սպանված կնոջ ընտանիքը նորմալ ապրող, հանգիստ ընտանիք է եղել։ Հարևանները սպանված կնոջ ամուսնուն նույնպես դրական են բնութագրել, նշել, որ հնարավոր չէր, որ ամուսինը Ռուսաստանում այնպիսի խնդիրներ ունենար, որ փորձեին Հայաստանում իր ընտանիքից հաշվեհարդար տեսնել։

Սպանված կնոջ հարազատներից մեկը պատմել է, որ գյուղացիներից մեկին պոլիկլինիկայից թուղթ է հարկավոր եղել, գնացել է սպանված կնոջ տուն, որը պոլիկլինիկայի օպերատորն էր, մի քանի անգամ զանգահարել է, չի պատասխանել, ապա չի արձագանքել նաև դռան զանգերին, ինչից հետո էլ հարևանները անհանգստացել են ու ահազանգել ԱԻՆ։ Փրկարարների ժամանելուն պես բացել են տան մյուս դուռը ու սպանված հայտնաբերել մորն ու նրա երկու զավակներին։

«Երկուսն էլ իմ լավ աշակերտներն էին, սովորող, պարտաճանաչ։ Օրինակելի ընտանիքից էին, համեստ, շնորհքով։ Ուսումնական պրոցեսին միշտ պատրաստ էին։ Սպանության նախորդ օրը ներկա են եղել բոլոր դասաժամերին, արտառոց որևէ բան չի նկատվել որևէ մեկի մոտ։ Երեկ, երբ նրան չեն եկել դասին, դասղեկները զանգել էին մայրիկին, որը չի պատասխանել զանգերին։ 12–ի կողմերն արդեն լսել ենք դեպքի մասին»,– պատմեց դպրոցի տնօրենը։

Գլխավոր դատախազությունն այսօր մանրամասներ է հայտնել ողբերգական դեպքից։ Դեպքի վայրի զննությամբ` նշված տան ննջասենյակի մեկտեղանի մահճակալին հայտնաբերվել է արական սեռի երեխայի դի՝ կրծքավանդակի հատվածում կտրած-ծակած վերքերով՝ ձեռքերը և ոտքերը կապած վիճակում, նույն ննջասենյակի հատակին հայտնաբերվել է իգական սեռի երեխայի դի՝ կրծքավանդակի հետին մակերեսին և որովայնի հատվածներում կտրած-ծակած վերքերով, իգական սեռի դի՝ որովայնի և կրծքավանդակի հատվածներում ու կրծքավանդակի հետին մակերեսին կտրած-ծակած վերքերով՝ ձեռքերը հետնամասում թելով կապված վիճակում:

Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, հարցաքննվել են վկաներ, որոշումներ են կայացվել Զ.Մ.-ին, Կ.Մ.-ին և Ս.Մ-ին տուժող ճանաչելու մասին:

Կատարվում են անհետաձգելի քննչական, վարութային այլ գործողություններ, ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները, հանցանքը կատարած անձի /անձանց/ ինքնությունը պարզելու ուղղությամբ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ