fbpx
Կառավարություն

Վերջին տասը տարիներին ՃՏՊ-ների թիվն աճելու միտում ունի. Օսիպյան

Հուլիսի 11-ին Կառավարության նիստում ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը նշեց, որ վերջին տասը տարիներին ՃՏՊ-ների թիվն աճելու միտում ունի, դրանց զուգահեռ աճում են նաև զոհերի ու վիրավորների թիվը:

Նա տեղեկացրեց, որ 2018թ. ապրիլի 10-ի դրությամբ գրանցվել է 1861 ՃՏՊ, եղել է 150 զոհ, 2736 վիրավոր, իսկ 2019թ. նույն ժամանակահատվածում՝ 2203 ՃՏՊ՝ 342 դեպքով ավել, զոհերի թիվը՝ 19-ով ավել, եղել է 3212 վիրավոր: Օսիպյանն ասաց, որ մեքենաների ներկրման աննախադեպ հոսք կա, 2017թ. 38 000 տրանսպորտային միջոց է ներկրվել, 2018թ. 6 ամիսներին՝ 28 954, իսկ 2019թ. 6 ամիսներին՝ 54 216 տրանսպորտային միջոց:

Անդրադառնալով վթարների պատճառներին՝ ոստիկանապետը նշեց, որ դրանք ոչ միայն ոստիկանության գործառույթներով են սահմանափակվում, պատճառներից է նաև ճանապարհների վատ լուսավորությունը, նաև այն, որ տրանսպորտային միջոցի տեխնիկական զննությունը ձևական բնույթ է կրում:

«Կարելի է ասել՝ բնույթ չի կրում, տեխզննություն չի իրականացվում, ամեն օր ամփոփագրեր են ներկայացվում, որ տրանսպորտային միջոցը ուղիղ ճանապարհին կորցրել է կառավարումը, գլորվել ձորը, այսինքն՝ մի դետալ մաշվել է, որովհետև այսօր շուկայում ներկրողները մեքենաները փայլացնում են արտաքնապես, բայց որոշ մասեր հնամաշ վիճակում են, նախկինում զննություն անցնելուց հետո նոր թույլատրվում էր շահագործում: Օրինակ`Դուբայում նայում են՝ անվադողերը իդեալական վիճակում են, նմանատիպ անվադողին այստեղ բարձր գին կտան, բայց այնտեղ, եթե այդ անվադողը ժամկետանց է, չեն թույլատրում շահագործել»,- ասաց Օսիպյանը:

Փաշինյանը արձագանքեց՝ նշելով, որ այս խնդրի լուծումը տուգանելը չի կարող լինել, քանի որ այդ քաղաքականությունը միայն տեղային արդյունքի է բերում, 500 մետրի վրա դեպքերի նվազեցման, եթե, իհարկե, բերում է, այնպես որ պետք է երեք ուղղությամբ գնալ՝ թե ոստիկանության բարեփոխումների փաթեթում ՃՈ աշխատանքը, երթևեկության անվտանգության մասով ոստիկանության աշխատանքը վերագնահատել, երկրորդը բալային համակարգի ներդրումն է, երրորդը քաղաքացիական հասարակության հետ համագործակցությունը, որ քաղաքացիները հնարավորություն ունենան նաև իրենց նպաստը բերել երթևեկության անվտանգության պահպանմանը:

«Պայմանավորվենք, որ այս ուղղությամբ աշխատում ենք, նաև այն, ինչ արդեն պայմանավորվել ենք, ուժեղացված հսկողության իրականացում, ոչ սթափ, գերբեռնված մեքենաների հայտնաբերում: Սրանք շրջիկ թեմաներ են, այստեղ հիմնարար լուծում է պետք»,- նշեց վարչապետը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ