fbpx
Կառավարություն

Վիգեն Քոչարյանի համանախագահությամբ Բրյուսելում կայացել է ՀՀ-ԵՄ ենթակոմիտեի հերթական նիստը

ՀՀ Արդարադատության նախարարության լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանի համանախագահությամբ Բրյուսելում կայացել է ՀՀ-ԵՄ ենթակոմիտեի հերթական նիստը:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանի համանախագահությամբ ապրիլի 9-ին Բրյուսելում տեղի է ունեցել Արդարադատության, ազատության և անվտանգության ոլորտում համագործակցության հարցերով ՀՀ-ԵՄ ենթակոմիտեի հերթական՝ տասներորդ նիստը։ ՀՀ միջգերատեսչական պատվիրակության կազմում ընդգրկված են եղել ՀՀ արդարադատության և արտաքին գործերի նախարարությունների, ՀՀ ոստիկանության, ՀՀ գլխավոր դատախազության և Միգրացիոն պետական ծառայության ներկայացուցիչները։

Բացելով նիստը՝ ՀՀ պատվիրակության ղեկավար Վիգեն Քոչարյանը կարևորել է ՀՀ-ԵՄ միջև երկխոսության և առկա համագործակցության զարգացումը, այդ թվում ՀՀ և ԵՄ-ի միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում: Վ.Քոչարյանը անդրադարձել է նաև տարբեր ոլորտներում բարեփոխումների իրականացման շրջանակներում եվրոպական կողմի հետ ձևավորված սերտ համագործակցության խորացմանը:

Վիգեն Քոչարյանը, ներկայացնելով արդարադատության ոլորտի բարեփոխումները, կարևորել է մշակման փուլում գտնվող Դատական և իրավական բարեփոխումների ռազմավարության և Գործողությունների ծրագրի ընդունումը: Արդարադատության փոխնախարարը շեշտել է նաև իրավական փոխօգնության ու դատական համագործակցության բնագավառում ծավալված երկկողմ և բազմակողմ համագործակցության խորացման անհրաժեշտությունը:

Նիստի ընթացքում քննարկվել են նաև միգրացիայի և շարժունակության, վիզաների դյուրացման և ռեադմիսիայի վերաբերյալ պայմանագրերի իրականացման, կոռուպցիայի դեմ պայքարի, հանցագործությունների կանխարգելման, կիբերհանցագործության դեմ պայքարի և անձնական տվյալների պաշտպանությանն առնչվող մի շարք հարցեր:

ԵՄ պատվիրակությունը ղեկավար Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության Արևելյան գործընկերության երկրների բաժնի ղեկավար Ռիչարդ Թիբբելսը վերահաստատել է ԵՄ պատրաստակամությունը խորացնելու և ընդլայնելու Հայաստանին ֆինանսական և տեխնիկական աջակցության տրամադրումը՝ ուղղված իրավունքի գերակայության ամրապնդման, անվտանգության ապահովման, արդարադատության ոլորտի բարեփոխումների, կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում ՀՀ կողմից բարեփոխումների հետևողական իրականացմանը:

Հանդիպման արդյունքում ամրագրվել են կողմերի փոխհամաձայնեցված գործառնական եզրակացությունները, որոնց իրագործման ընթացքը կդիտարկվի հաջորդ նիստի ընթացքում, որը կկայանա հաջորդ տարի Երևանում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ