Կրթություն
19:30 28/03/2020

Վիտոլդ Պիլեցկին պայքարել է նացիզմի և կոմունիզմի դեմ՝ վտանգելով սեփական կյանքը

Պատմաբան Դավիթ Ֆիդանյանը Facebook-ի իր  էջում մասնագիտական շարքի հերթական գրառումն է կատարել․

Օսվենցիմի կամավորը

«Նկարում պատկերված է Երկրորդ աշխարհամարտի ամենաքիչ հայտնի հերոսներից մեկը՝ Վիտոլդ Պիլեցկին: Մարդ ով կամավոր կերպով հանձվել էր նացիստներին, որպեսզի հայտվնի Օսվենցիմում և նացիզմի դեմ կռվող ուժերին կարողանա տեղեկություններ փոխանցել ճամբարի իրական նշանակության մասին: Պիլեցկին նաև օկուպացված Լեհաստանում լեհական գաղտնի բանակի հիմնադիրն էր իսկ հետագայում նաև Կրայովայի բանակի զինվորներից: 1901թ. ծնված Պիլեցկին երիտասարդ տարիներին մասնակցել էր կարմիր բանակի դեմ մարտերին (1919-1921թթ.):

Հետագայում արդեն նա կռվում էր նացիստների դեմ: 1940թ. նա գտնվելով ընդհատակում «Լեհական դիմադրության» ղեկավարությանը գործողության պլան է մշակում, որի համաձայն պետք է հնարավոր լիներ պարզել, թե Օսվենցիմում նացիստները ինչով են զբաղված: Մինչև Օսվենցիմի մասին սարսափելի իրականության բացահայտումը՝ շատերը կարծում էին որ այն ուղղակիորեն հսկայական բանտ է, որտեղ ռազմագերիներ են պահվում:

1940թ. սեպտեմբերի 19-ին նա Վարշավայում միտումնավոր կերպով հայտնվում է նացիստների թիրախում և ձերբակալվում: Մնացած ձերբակալվածների հետ մեկտեղ նրան ուղարկում են Օսվենցիմ: Հայտնվելով Օսվենցիմում նա իր մի քանի ընկերների հետ այնտեղ ստեղծեց ընդհատակյա միավորում, որը կարողանում էր ներսում տեղի ունեցող սպանդի մասին տեղեկություններ փոխանցել ընդհատակում գործող լեհական դիմադրությանը, որն էլ իր հերթին այդ զեկույցները ուղարկում էր դաշնակիցների ղեկավարություններին:

Այնուամենայնիվ խմբի գործունեությունը անվերջ չէր կարող տևել և 1943թ. Պելիցկին կարողացավ փախչել Օսվենցիմից: Ազատության մեջ Պելիցկին ամբողջացրեց իր զեկույցները, որոնք Օսվենցիմում տեղի ունեցող Հոլոքոսթի առաջին վկայություններից էին և որոնք պատմության մեջ մտան «Վիտոլդի զեկույց» անվանմամբ: Հետագայում նա բազմաթիվ կարևոր ապստամբությունների մասնակցեց: Երբ նացիստական օկուպացիան վերացավ և երկրում հաստատվեց կոմունիստական ռեժիմ Պիլեցկին սկսեց պայքարել նաև կոմունիստական վարչակարգի դեմ, քանի որ հստակորեն գիտակցում էր կոմունիզմի վտանգները և բացի դա նա չէր մոռացել նացիստների հետ Լեհաստանը օկուպացրած Կարմիր բանակի գազանությունները:

Կոմունիստական Լեհաստանի հատուկ ծառայությունները արագորեն հայտնաբերեցին նրան և նա բանտարկվեց: Վարշավայի «Մոկոտո» բանտում նա խոշտանգումների էր ենթարկվում: Մինչ մահապատիժը՝ իր կնոջ հետ հանդիպումներից մեկի ժամանակ նա նշել էր «Մոկոտոյի հետ համեմատած՝ Օսվենցիմը երեխաների խաղալիք է:» 1948թ.մայիսի 25-ին Պիլեցկին մահապատժի ենթարկվեց»։

 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ