Telegram-ի ստանդարտ ֆունկցիաներից մեկը վճարովի են դարձրել. այսուհետ չատերում ալիքների անունից հաղորդագրություններ հնարավոր կլինի հրապարակել միայն Premium բաժանորդագրությունն ակտիվացնելու դեպքում։ Եթե օգտատերը չունի վճարովի Premium բաժանորդագրություն, ապա մեկնաբանություններում և խմբերում կարող է գրել միայն իր անձնական հաշվի անունից, բայց ոչ ալիքի անունից:
Ինչպես տեղեկացնում է Telegram Info-ն, վկայակոչելով իր աղբյուրը, սպամերները չարաշահել են այս գործառույթը, երբ այն անվճար էր. խմբերում և մեկնաբանություններում սպամի մինչև 80%-ը ստացվում էր ալիքների անունից արված մեկնաբանություններից: Խմբի ադմինիստրատորները խնդրել են ընդհանրապես անջատել այս ֆունկցիան, սակայն Telegram-ի ղեկավարությունը որոշել է այն պարզապես վճարովի դարձնել, ինչը նույնպես զգալիորեն կնվազեցնի սպամի քանակը։
Մի քանի ամիս առաջ Telegram մեսենջերի ստեղծող Պավել Դուրովը հայտարարեց Telegram Premium-ի գործարկման մասին և խոստացավ, որ անվճար գործառույթները կմնան անվճար, իսկ վճարովի բաժանորդագրության համար հասանելի կլինեն որոշ բացառիկ տարբերակներ, այդ թվում՝ մեսենջերում գովազդն անջատելու հնարավորությունը, կրկնակի սահմանափակումները և այլն։
Premium վճարովի բաժանորդագրությունն արժե ամսական մոտ 5 դոլար: