ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը հունիսի 7-ին հանդիպել է Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինի հետ:
Կողմերը քննարկել են ՄԱԶԾ շրջանակում մեր երկրում իրականացվող ծրագրերին, ինչպես նաև համագործակցության հեռանկարներին առնչվող հարցեր:
Դմիտրի Մարիյասինը, ներկայացնելով իրենց գործունեության առաջնահերթությունները և նախաձեռնությունները, նշել է, որ ՄԱԶԾ ծրագրերը լիովին համահունչ են տվյալ երկրի ազգային գերակայություններին ու զարգացման կարիքներին: Հայաստանի հետ իրականացվող ծրագիրը կենտրոնացած է երեք ոլորտների՝ աղքատության հաղթահարման, ժողովրդավարական կառավարման և շրջակա միջավայրի ուղղությամբ: Հյուրն անդրադարձել է անցումային արդարադատության գործընթացին, արդարադատության համակարգի գործունեության արդյունավետությանն ուղղված քայլերին:
Վլադիմիր Վարդանյանը կարևորել է միջազգային տարբեր կառույցների աջակցության շրջանակում ծրագրերի նպատակային իրականացումը՝ կարծիք հայտնելով, որ համագործակցությունը պետք է լինի փոխլրացնող: Այս համատեքստում նա ընդգծել է ՄԱԶԾ-ի հետ արդյունավետ փոխգործակցությունը:
Անդրադառնալով անցումային արդարադատության գործիքակազմի կիրառմանը՝ հանձնաժողովի նախագահը կարծիք է հայտնել, որ անցումային արդարադատության յուրաքանչյուր համակարգ պետք է կյանքի կոչվի սահմանադրական դրույթների հիման վրա և միջազգային պարտավորություններով ստանձնած նորմերին համահունչ: Կարևորելով արդարադատության ոլորտի առողջացմանն ուղղված քայլերը՝ Վլադիմիր Վարդանյանը հավաստիացրել է, որ իշխանությունները ձեռնարկում են միջոցառումներ դատական համակարգի գործունեության արդյունավետության բարձրացման ուղղությամբ: Ըստ հանձնաժողովի նախագահի՝ անկախ դատական համակարգը պետք է զերծ լինի միջամտություններից և գործի իշխանության մյուս թևերից անկախ: Նա անդրադարձել է նաև դատավորների աշխատավարձերի բարձրացման խնդրին, դատական ոլորտի մարտահրավերների հաղթահարմանը, ԲԴԽ-ի նկատմամբ հանրային վստահության մակարդակին:
Կողմերն անդրադարձել են նաև անցումային շրջանում Բարձրագույն դատական խորհրդի դերակատարությանը, հակակոռուպցիոն դատարանի ստեղծմանը, ՄԱԶԾ շրջանակում ոլորտային փորձագիտական աջակցությանը և այլ հարցերի: