fbpx
Իրավական

12:40 12/7/2019

Վլադիսլավ Մանգասարյանը Լևոն Սարգսյանին առնչվող հաղորդում է ներկայացրել ՀՔԾ

Գործարար Վլադիսլավ Մանգասարյանը Հատուկ քննչական ծառայություն ներկայացրել է հանցագործության մասին հաղորդում, որն առնչվում է Սերժ Սարգսյանի եղբորը՝ Լևոն Սարգսյանին։

Տեղեկությունը հաստատել է ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը՝ նշելով, որ Մանգասարյանի ներկայացրած հաղորդման հիման վրա հարուցվել է քրեական գործ։ «Հարուցված քրեական գործը միացվել է Լևոն Սարգսյանի վերաբերյալ՝ մեզ մոտ քննվող քրեական գործին» – նշել է նա։ Վերջինս հայտնեց նաև, որ այդ քրեական գործով Վլադիսլավ Մանգասարյանը ճանաչվել է տուժող։ Նշենք, որ գործն այս պահին նախաքննության փուլում է։

Վլադիսլավ Մանգասարյանը մեղադրվում է «Արին Կապիտալ» ընկերությունից առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու մեջ։ Ընկերության սեփականատերը ամերիկահայ գործարար Էդմոն Խուդյանն է, որը տարիներ առաջ ներդրումներ էր կատարել Հայաստանում շինարարության ոլորտում։ Մասնավորապես՝ Երևան քաղաքի Մաշտոցի 33Ա հասցեում (ներկայիս՝ Մաշտոցի 33/1) գտնվող հողամասի վրա իրականացրել բազմաֆունկցիոնալ շենքի շինարարությունը, սակայն հայաստանյան գործընկերներն անբարեխիղճ են գտնվել և հափշտակել շենքի գրասենյակային տարածքների ու բնակարանների, ավտոտնակներից վաճառքից գոյացած գումարները։ Տարիներ առաջ խոսվում էր, որ առերևույթ չարաշահումներին առնչություն է ունեցել նաև երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Լևոն Սարգսյանը և որ Վլադիսլավ Մանգասարյանը վայելում է նրա հովանավորությունը։

Կատարված քննությամբ նախաքննական մարմինը հիմնավորված համարեց, որ կատարվել է հափշտակություն, սակայն մեղադրանք առաջադրվեց միայն Մանգասարյանին՝ 2005-2011թթ. ընթացքում միասնական դիտավորությամբ բազմաթիվ քաղաքացիներից և ՍՊԸ-ից առանձնապես խոշոր չափերի` ավելի քան 2 մլրդ դրամի հափշտակություն կատարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով`31 դրվագով։

Նրա վերաբերյալ քրեական գործն արդեն երեք տարի է, ինչ գտնվում է դատարանի վարույթում, սակայն դատավարությունը դեռ չի ավարտվել։ Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո, փաստորեն, Վլ.Մանգասարյանն արդեն ինքն է հանցագործության մասին հաղորդում ներկայացրել։ Այն, որ նրա հաղորդման հիման վրա հարուցվել է քրեական գործ ու միացվել Լևոն Սարգսյանի վերաբերյալ ՀՔԾ վարույթում քննվող քրեական գործին՝ վկայում է, որ այն վերաբերում է նաև Սարգսյանի կողմից առերևույթ կատարված հափշտակություններին։ Առավել ևս, որ այդ գործով Մանգասարյանը տուժող է ճանաչվել։

Հիշեցնենք, որ երրորդ նախագահի եղբայրը ներկայումս գտնվում է հետախուզման մեջ։ Ավելի վաղ ՀՔԾ-ն պաշտոնապես հայտարարել էր, որ հայտարարագրման ենթակա գույքը թաքցնելու և ապօրինի հարստանալու դեպքերի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում 06.07.2018թ.-ին որոշում է կայացվել Լևոն Սարգսյանին և վերջինիս դստերը` Անի Սարգսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 310.1-րդ հոդվածի 1-ին մասով և 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին: ՀՀ քրեական օրենսգրքի 310.1-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել նաև Լ. Սարգսյանի որդուն` Նարեկ Սարգսյանին:

Այս մասին գրում է Փաստինֆոն: 

Վերեվ