fbpx
Երևան

Երևանում վերջին 1 տարում շուրջ 400 աղբաման է վնասվել և այրվել

Օրեր առաջ համացանցում տեսանյութ տարածվեց այն մասին, թե ինչպես են այրվում Թումանյան և Նալբանդյան փողոցների խաչմերուկում տեղադրված 4 աղբամանները:

Ոստիկանության կենտրոնական բաժնի ու Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզների համատեղ միջոցառմամբ պարզվեց, որ արարքի «հերոսներն» են 26-ամյա երիտասարդն ու 23-ամյա մի աղջիկ: Ցավալին այն է, որ սա եզակի դեպք չէ: Մետաղական աղբամանները նույնպես վնասում են: Մայիսի 16-ից 18-ն ընկած ժամանակահատվածում էլ գողացել են Շենգավիթ վարչական շրջանի մի շարք փողոցներում տեղադրված աղբարկղերի պլաստմասե կափարիչները: Ոստիկանության ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունները կատարել են Արարատի մարզի Այնթապ գյուղի երկու բնակիչ: Իրավապահները քննում են երկու դեպքերը՝ պարզելու հանցանքի հանգամանքները, հայտնում են Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքից։

Նշվում է, որ յուրաքանչյուր աղբամանը ձեռք բերելու համար, ի դեպ, համայնքային բյուջեից շուրջ 95 հազար դրամ է ծախսվում։ Երևանի քաղաքապետարանը զգուշացնում է, որ համայնքային գույքը վնասելու յուրաքանչյուր դեպքով դիմելու է ոստիկանություն և հետևողական է լինելու, որ համայնքային գույքը վնասողները ենթարկվեն պատասխանատվության։

«Ունենում ենք այսպիսի վատ պատահարներ, որի հետևանքով մոտ 400 հատ աղբաման վնասված կամ այրված է, ափսոսանք եմ ապրում, որովհետև սա համայնքային սեփականություն է՝ բոլոր երևանցիների գույքն է. խնդրում և հորդորում եմ՝ իրենց սեփականությանն ուշադիր լինեն և հետամուտ լինեն, որ նման բաներ չլինի»,- նշում է «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի տնօրեն Արմեն Գրիգորյանը:

Աղբամանները փոխարինելու գործընթացը Երևանի քաղաքապետարանն սկսել է 2019թվականից: Մայրաքաղաքի վարչական շրջաններում արդեն ավելի քան 6200 նոր աղբաման է տեղադրված:
«Ոտնակներով աղբամաններն այս պահին դրված են Նոր Նորք, Քանաքեռ-Զեյթուն, Ավան և Արաբկիր վարչական շրջաններում: Կխնդրեմ, որ ոտնակից օգտվեն, ինչը հիմա չեն անում, աղբամանը դատարկ՝ բերում կողքն են դնում աղբը կամ դնում են վրան ու գնում են. բավական տգեղ տեսարան է: Նաև աղբամանների վրա փակցված է՝ խնդրում ենք աղբամանները փակ պահել»,- նշում է Արմեն Գրիգորյանը:

Աղբահանության գործընթացին զուգահեռ՝ համայնքային հիմնարկի աշխատակիցներն օրվա ընթացքում շրջում են վարչական շրջաններում ու ախտահանում աղբամանները:

«Ցանկացած վարչական շրջանում աղբամաններն ախտահանվում են և անվտանգ է, ոչ մի մանրէ չի մնում: Խնդրում եմ խցանները փակ պահել, որ այդ աղբը չտեսնենք և հոտն էլ չշնչենք»,- ընդգծում է համայնքային հիմնարկի տնօրենը:

«Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային կառույցը 24/7 ժամանակացույցով ու այս օրերին նաև «արտակարգ» ռեժիմով շարունակում է աշխատանքը, որպեսզի քաղաքն ավելի մաքուր լինի: Այս գործում, սակայն, առաջին հերթին կարևոր է հատկապես բնակիչների հոգատար վերաբերմունքը մայրաքաղաքի ու քաղաքային գույքի նկատմամբ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ