fbpx
Սպորտ

Ոչ ոք երբեք ձեզ չի սիրի ինձանից շատ․ Դե Ռոսիի հրաժեշտի նամակը

«Ռոմա» ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայությունը հրապարակել է թիմի ավագ Դանիելե Դե Ռոսիի հրաժեշտի նամակը․

«Նայելով այս լուսանկարին՝ հասկանում եմ, որ հաջողությունը ժպտացել է ինձ, ինչի համար ես երբեք չեմ կարողանա լիովին վարձահատույց լինել։ Սա շատ երկար և լարված ճամփորդություն էր՝ միշտ ուղեկցված այս ակումբի նկատմամբ սիրով։ Չեմ ցանկանում իմ շնորհակալությունն օդում թողնել, քանի որ «շնորհակալություն» գրելիս հիշում եմ կոնկրետ դեպքեր, զգացողություններ, դեմքեր, ձայներ․․․

Թույլ տվեք շնորհակալություն հայտնել բոլոր «ռոմանիստներին», որոնց հետ ծանոթացել եմ՝ Սենսիի ընտանիքին, նախագահ Պալոտային։ Բոլոր կանանց և տղամարդկանց, որոնք աշխատել և աշխատում են ակումբում։ Մարզիչներին, որոնցից յուրաքանչյուրն ինձ ինչ-որ բան է սովորեցրել։ Շնորհակալ եմ բժշկական անձնակազմին, որ հոգ է տարել իմ մասին։ Դամիանոյին, առանց որի ես ավելի քիչ խաղադաշտում կլինեի։

Շնորհակալ եմ Ֆրանչեսկո Տոտտիին։ Ես ավագի թևկապը ստացա եղբորս, մեծագույն ավագի և այս ակումբի մարզաշապիկը երբևէ կրած ամենամեծ ֆուտբոլիստի կողմից։ Ոչ բոլորը կարող են 16 տարի խաղալ իրենց կուռքի հետ։ Ես թևկապը հարգանքով կփոխանցեմ Ալեսանդրոյին, որը, համոզված եմ, արժանի ավագ կլինի։

Շնորհակալ եմ հայրիկիս և մայրիկիս, որոնք ինձ դաստիարակել են ճիշտ արժեքներով՝ մյուսների հանդեպ լինել այնպես, ինչպես կցանկանայի, որ նրանք իմ հանդեպ լինեին, օգնել նրանց, որոնք դրա կարիքն ունեն։

Շնորհակալ եմ «Ռոմայի» երկրպագուներին, իմ երկրպագուներին։ Այսօր ես ինձ թույլ եմ տալիս նրանց անվանել իմ երկրպագուներ, քանի որ երկրպագուների տված սերն ինձ թույլ է տվել նրանց մի մասնիկը լինել՝ անգամ երբ խաղադաշտում չեմ եղել։ Դուք եք պատճառը, որի համար ես կրկին և կրկին կընտրեի այս հիանալի քաղաքը։ «Պարմայի» հետ խաղում ես 616-րդ անգամ կմտածեմ, որ ճիշտ ընտրություն եմ կատարել։

Վերջին օրերին ձեր սերն ավելի շատ է լցվել սիրտս։ Նախկինում երբեք ձեզ այսքան միավորված չեմ տեսել։ Մեծագույն նվերը, որ կարող եք ինձ տալ, բարկությունը մի կողմ դնելը, միավորվելը և առաջ շարժվելն է։ Մեզ պետք է հուզի միայն այն, ինչն առավել է ամեն ինչից՝ «Ռոման»։

Ոչ ոք երբեք ձեզ չի սիրի ինձանից շատ։ Մինչ նոր հանդիպում», – ասված է նամակում։

Նշենք, որ Սերիա Ա-ի 38-րդ տուրի՝ «Պարմայի» հետ հանդիպումը կլինի վերջինը հռոմեական ակումբի կազմում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ