Երեկ երեկոյան Վոլգոգրադի շրջանի Ֆրոլովո քաղաքում ծեծկռտուք է տեղի ունեցել հայ-ադրբեջանական ընտանիքի և դաղստանցիների միջև: Ինչպես հաղորդում է Rusarminfo-ն, ծեծկռտուքն ավարտվել է կրակոցներով:
Իրավապահները հայտնել են, որ կրակոցների հրահրողը եղել է ոմն դաղստանցի: Ծննդով Դաղստանից 6 անձ եկել են զրուցելու: Նրանք մուտք են գործել Ֆրոլովոյում գտնվող խանութ-գրասենյակ, որը պատկանում է հայ-ադրբեջանական ընտանիքին: Կոնֆլիկտը նախապես կրել է զուտ տնտեսական բնույթ: Կռվի մասնակիցները գործարարներ են, որոնք զբաղվում են առևտրով:
Սկզբում կրակել են դաղստանցիները, որի հետևանքով մահացել է հայ գործարար, ով Ֆրոլովոյում առևտրով էր զբաղվում, ևս երեքը հիվանդանոցում են հայտնվել՝ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, նրանց թվում են երկու դաղստանցի և հայ-ադրբեջանական ընտանիքի մեկ ներկայացուցիչ, որի վիճակը բժիշկները ծայրահեղ ծանր են գնահատում:
Փոխհրաձգությանը մասնակից չորս դաղստանցի փախել են դեպքի վայրից, սակայն շուտով ոստիկանությունը նրանց հայտնաբերել է և ձերբակալել Վոլգոգրադին հարակից գյուղերից մեկում:
Աղբյուրը՝ shantnews.am

