fbpx
Կառավարություն

Ո՞ր տեղում է Հայաստանը մամուլի ազատության համատեքստում

ՀՀ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը Facebook-ի էջում գրառում է կատարել։ Ռուստամ Բադասյանը գրառման մեջ դիտարկել է, որ մամուլի ազատության համատեքստում Հայաստանը 180 երկրների շարքում զբաղեցնում է 61-րդ տեղը:

«Համեմատության համար նշեմ, որ 2018 թվականին «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության հրապարակած զեկույցում Հայաստանը 80-րդն էր: Սա Հայաստանում վերջին երկու տարիների ընթացքում ժողովրդավարության ամրապնդման լավագույն ցուցիչն ու արձանագրումն է: Վերջերս Հայաստանի կառավարության կողմից մամուլի կարևորությունն ընդգծող հերթական քայլը կատարվեց և լրատվական գործունեություն իրականացնողների համար Պետռեգիստրի տվյալները դարձան հասանելի՝ անվճար հիմունքով: Այս բարեփոխումը նախաձեռնեցինք այն համոզումով, որ կամրապնդենք հետաքննող լրագրության և մամուլի ազատության երաշխիքները, կնպաստենք լրատվամիջոցների կողմից հանրությանն առավել ճշգրիտ և համապարփակ տեղեկատվություն տրամադրելուն: Այս նպատակին ուղղված մեր բարեփոխումները շարունակական են լինելու: Միաժամանակ, չենք կարող չնկատել ոլորտում առկա խնդիրները, որոնց մասին բարձրաձայնում են նաև մասնագիտացված միջազգային կազմակերպությունները: Լուրջ անելիքներ ունենք ապատեղեկատվության դեմ պայքարի և մեդիագրագիտության բարձրացման ուղղությամբ: Վստահ եմ, սա ևս համատեղ ուժերով կհաղթահարենք և էլ ավելի կբարելավենք մամուլի ազատության վիճակը:

Զանգվածային լրատվության միջոցների հարգելի՛ գործընկերներ,

Շնորհավորում եմ մամուլի ազատության համաշխարհային օրվա կապակցությամբ և շնորհակալ եմ բարեխիղճ լրագրողներին պրոֆեսիոնալիզմի ու կատարած անգնահատելի աշխատանքի համար»,- ասված է նախարարի գրառման մեջ։

https://www.facebook.com/rustam.badasyan/posts/3056090067775741

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ