Ռուսաստանի և Չինաստանի միջև զարգացող համագործակցությունը ռազմական ոլորտում կրում է սադրիչ բնույթ:
Այս մասին հայտնել են Միացյալ Նահանգների ու Ճապոնիայի արտաքին քաղաքականության և ռազմական գերատեսչությունների ղեկավարներ Էնթոնի Բլինքենը և Լլոյդ Օսթինը, ինչպես նաև Յոսիմասա Հայասին և Յասուկաձու Համադան 2+2 ձևաչափով անցկացված բանակցությունների արդյունքների շուրջ համատեղ հայտարարության մեջ:
«Նախարարները մտահոգությամբ ընդգծել են Չինաստանի հետ Ռուսաստանի աճող և սադրիչ ռազմավարական ռազմական համագործակցությունը, որն իրականացվում է, այդ թվում՝ Ճապոնիայի մերձակայքում համատեղ գործողությունների և զորավարժությունների միջոցով», – նշվում է ԱՄՆ պետքարտուղարության կայքում հրապարակված հայտարարության մեջ: Կողմերը նաև դատապարտել են Ուկրաինայում Ռուսաստանի Դաշնության կողմից իրականացվող ռազմական գործողությունները, որը նրանք որակել են անվտանգության սպառնալիք եվրոպական տարածաշրջանի համար։
Հայտարարությունում նշվում է, որ ԱՄՆ-ն հայտնել է իր վճռականությունը՝ օպտիմալացնելու իր ուժային դիրքը Հնդկախաղաղօվիանոսյան տարածաշրջանում, այդ թվում՝ Ճապոնիայում ավելի բազմակողմանի, ճկուն և շարժունակ կարողություններ տեղակայելու միջոցով: Ճապոնիան ողջունել է այս քայլը: Միացյալ Նահանգները նաև վերահաստատել է իր անսասան հանձնառությունը Ճապոնիայի պաշտպանությանը՝ համաձայն Ճապոնիայի և ԱՄՆ-ի միջև անվտանգության պայմանագրի 5-րդ հոդվածի օգտագործելու իր բոլոր հնարավորությունները, այդ թվում՝ միջուկային:
