fbpx
Զինված Ուժեր

Որակի հարցում որևէ կոմպրոմիս լինել չի կարող. վարչապետն անդրադարձել է ռազմարդյունաբերությանը

Օգոստոսի 29-ին կառավարության հերթական նիստի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ ռազմարդյունաբերության ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպմանը: Վարչապետը, դիմելով ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին, ասաց.

«Նրանց հետ ձեռք ենք բերել պայմանավորվածություն, որ մենք շատ արագ կգույքագրենք ռազմարդյունաբերական համալիրի ոլորտի այն արտադրանքները, որոնք թողարկվում են ՀՀ-ում և կկազմենք նաև ԶՈւ առաջիկա 5 տարվա մոտավոր պահանջակի պլանը: Մենք կտեսնենք, կաշխատենք ոլորտի հետ երկու ուղղություններով՝ Կառավարությունը խնդիր կդնի, որ տեղական արտադրողից լինեն ձեռքբերումները՝ պայմանով, որ տեղական արտադրողներն ի ցույց կդնեն իրենց արդյունավետությունը բարձրացնելուն, ինքնարժեքը ցածրացնելուն ուղղված կոնկրետ գործողություններ և ճանապարհային քարտեզ»:

Վարչապետը հավելեց, որ սա երկկողմանի պրոցես պետք է լինի, որտեղ և կառավարությունը, և արտադրողները պետք է ապացուցեն արդյունավետությունը բարձրացնելու, նորարարությունների շրջանակում գործելու իրենց մարտավարությունը և ռազմավարությունը: Վարչապետը տեղեկացրեց, որ հանդիպման ժամանակ եղել են նաև առաջարկներ՝ կապված տնտեսական շահավետության հաշվարկի բանաձևերի հետ:

«Մենք դուրս կգանք տնտեսական նպատակահարմարության ռեալ հաշվարկի, և, կարծում եմ, ակնհայտ է, որ որակի հարցում որևէ կոմպրոմիս լինել չի կարող, ու սա նույնիսկ քննարկման ենթակա հարց չէր: Սա ձևակերպում ենք որպես հանձնարարական: Մեկամսյա պարբերականությամբ պետք է զեկուցվի՝ ուր ենք հասել այս հանձնարարականի կատարման ուղղությամբ»,- ասաց վարչապետը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ