Քաղաքականություն
13:20 14/02/2020

Որևէ անձնական խնդիր ես և Նիկոլ Փաշինյանը չունենք և չենք կարող ունենալ․ Էդմոն Մարուքյան

Որևէ սև կատու չի անցել մեր մեջ, որևէ անձնական խնդիր ես և Նիկոլ Փաշինյանը չունենք և չենք կարող ունենալ, մեր տարաձայնությունները միայն քաղաքական են։ Այս մասին այսօր՝ փետրվարի 14-ին՝ ԱԺ ճեպազրույցի ժամանակ, ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ պատասխանելով լրագրողի այն հարցին՝ ինչու են սրվել իրենց և իշխանության հարաբերությունները։

Նա նշեց, որ թեև ձևակերպում չէր տա, որ ինքը և Նիկոլ Փաշինյանը մի նավով են լողացել, սակայն նշեց, որ իրենք մի դաշինք են հիմնադրել:

«Ես հպարտ եմ մեր անցած ճանապարհի համար, ոչ մի վայրկյան չեմ փոշմանում և մեր գաղափարական և մեթոդաբանական տարբերությունը այն ժամանակ են արտացոլվել»,-ասաց նա:

Մարուքյանի խոսքով՝ իրենց դեմ սանձազերծվածը շատ վատ, բոլոր կարմիր գծերը խախտած, հակաքարոզչական բոլոր սահմաններից դուրս է, և դա արվում է մեկ բանի համար, որ իրենք և իշխանությունը համակարծիք չեն:

«Այս ընթացքում մեր բարձրաձայնած ամենահիմնարար մտահոգությունը հետևյալն է, որ իշխանությունը իր հետ չհամաձայնվող մարդկանց ասում է` դուք նախկին եք, սև եք, ծախված եք: Մեր մեջ ոչինչ չի եղել, ուղղակի մի հարց կա, որի հետ մենք համաձայն չենք: Դուք նայեք մարդկանց որակը, սա է իրենց որակը, բնականաբար բոլորին չի վերաբերում, այլ բոլոր նրանց, ովքեր լծված են «Լուսավոր Հայաստանի» դեմ հակաքարոզչությամբ: Իրենք իրենց կենսագրությունն են կասկածի տակ դնում, իրենց անցած ճանապարհը, իրենք իրենց են հարվածում»,-ասաց նա:

Էդմոն Մարուքյանը նշեց, որ «Լուսավոր Հայաստանին» օրինակ` 50 բան են գրում, և իրենք 5 պատասխան են տալիս:

«Լավ այդ 5 պատասխանն էլ չտանք, կարանք դա էլ չտանք, բայց քաղաքականության մեջ ակնհայտ է, որ ինչ-որ բան են ասում ու դու պատասխան չես տալիս, հետո դրա հետ կապված ես խնդիր ունենում: Մենք կարող ենք այսօր օրինակ սիրո և սիրահարների տոնի հետ կապված մորատորիում հայտարարել և ինչ գրեն մեր մասին չպատասխանել»,-ասաց նա:

Նա կոչ արեց հանրաքվեի պրոցեսի վերաբերյալ այլևս հարց չտալ, քանի որ իրենք իրենց ասելիքն արդեն ասել են, կարծում են, որ լսվել են:

Մարուքյանն անդրադարձավ նաև «հեղափոխությունը խլել» արտահայտությանը։ Նա նշեց, որ հեղափոխությունը որևէ մեկը չի կարող խլել որևէ մեկից, հեղափոխությունը մարդկանց սրտերում է, այն տեղի է ունեցել, արձանագրվել է, պատմական մեծամասնություն է ձևավորել իշխանությունը:

«Անհնար է խլել այդ հեղափոխությունը և ով կասի, որ հեղափոխությունը խլում են, նա ստախոս է, ժողովրդին խաբում է: Հեղափոխության արդյունքում բացված պատուհանը պետք է օգտագործել բարեփոխումներ անելու համար և մարդկանց անդադար չենթարկել տեռորի, ասել՝ վա՜յ, վազելով եկեք այստեղ, խլում են, վա՜յ, վազելով հիմա եկեք այստեղ` էս կողմից են ուզում խլել, այդ ո՞վ կարող է ինչը խլել, ո՞նց կարող է խլել, հո «Մանուշակ» մանկապարտեզը չէ, մեծ մարդիկ ենք»,-ասաց նա:

Անդրադառնալով բանակում տեղի ունեցած դեպքերին՝ Էդմոն Մարուքյանն ասաց, որ շարունակելու են ուշադիր լինել և իշխանություններից պահանջել համապատասխան քայլեր ձեռնարկել:

«Ամեն ինչ հնարավոր չէ բարդել ինչ-որ ենթամշակույթի և այլնի վրա, պետք է շատ հետևողական աշխատանք տարվի, որ այս դեպքերը ոչ թե նվազագույնի հասցվեն,այլ ընդհանրապես բացառվեն, մենք իրավունք չունենք ունենալ նման իրավիճակ»,-ասաց նա:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ