Խորհրդարան
18:00 04/02/2020

Որևէ մեկին չեմ տվել մանդատ՝ իմ փոխարեն լուծելու ՍԴ թնջուկը․ Նաիրա Զոհրաբյան

Ես նույնիսկ դա չեմ համարի օրենքի նախագիծ, չեմ անվանի փաստաթուղթ, որի նպատակն է լուսանցք մղել, մարգինալացնել, խաղից դուրս թողնել Սահմանադրական դատարանը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանի կողմից առաջարկված «Ազգային ժողովի կանոնակարգ», «Հանրաքվեի մասին» և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքներում փոփոխություններ կատարելու նախագծին:

«Եթե ամսի 6-ին այս դահլիճում, այս նախագիծը անցնի, իսկ ես գրեթե վստահ եմ, որ կանցնի, ապա այն իսկապես բերելու է լրջագույն և խորքային ձևախեղումների և շատ ծանր հետևանքների, ինչի մասին խոսում են իմ կողմից հարգված իրավաբանները: Չկա լուրջ իրավաբան, որը զգոնության կոչ չանի և չհորդորի այդ նախագիծը չքննարկել»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի հայտարարությանը, թե ՀՀ բոլոր քաղաքացիները ցանկանում են լուծել ՍԴ շուրջ ստեղծված իրավիճակը, Զոհրաբյանն ասաց, որ համայն ժողովրդի անունից խոսելու իրավունք որևէ քաղաքական ուժ չունի:

«ՀՀ բոլոր քաղաքացիների մեջ մտնում եմ նաև ես, և ես որևէ մեկին չեմ տվել մանդատ իմ փոխարեն լուծելու ՍԴ թնջուկը: Ավելին՝ ես գտնում եմ, որ մեր երկրում շատ ավելի ճգնաժամային խնդիրներ կան, քան արհեստականորեն օրակարգ բերված այդ հարցը»,-ասաց նա։

Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ իրենց համար անձերի խնդիր չկա և երբևէ չի եղել, իրենց համար կա օրենքի գերակայության խնդիր և անելու են՝ առավելագույնը օրենքի գերակայությունը պահելու համար:

Հիշեցնենք, որ իշխող «Իմ քայլը» խմբակցությունը ցանկանում է փոփոխություններ կատարել կանոնակարգ օրենքներում, որ մինչև Սահմանադրության փոփոխությունների ընդունումն Ազգային ժողովի կողմից Սահմանադրական դատարան դիմելը՝ նախագծի սահմանադրականությունը որոշելու նպատակով, դարձնել ոչ պարտադիր, նույնը՝ հանրաքվեի դրվող Սահմանադրության փոփոխությունների մասով, ինչպես նաև ուժը կորցրած ճանաչել Ազգային ժողովի ընդունած Սահմանադրական փոփոխությունները Հանրապետության նախագահին ուղարկելու մասին դրույթը, նաև Ազգային ժողովի նախագահին վերապահել այդ փոփոխությունները հրապարակելու գործառույթը, որն այժմ պատկանում է հանրապետության նախագահին:

Սահմանադրական դատարանի դատավորների ընտրությունն անցկացնել Ազգային ժողովի ոչ միայն հերթական, այլ նաև արտահերթ նիստերի ընթացքում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Վերեվ