Իրավական

Որոշ հայտարարություններ մեկնաբանել որպես դատարանի նկատմամբ ճնշում, զավեշտից բացի այլ տպավորություն չի թողնում․ Բադասյան

Դատական օրենսգրքում ներառել ենք դատավորների թեկնածուների ստուգման որոշակի մեխանիզմներ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ անդրադառնալով իր հայտարարությանն առ այն, որ դատավորներ կան, որոնք քրեական հեղինակությունների հետ են հանդիպում, հետո քրեական վճիռներ են կայացնում և հարցին՝ արդյոք հիմա չկա՞ն համապատասխան մեխանիզմներ նման դատավորներին պատասխանատվության ենթարկելու համար:

«Դեռ շարունակելու ենք նման մեխանիզմների ներդրումը, ինչպես նաև կարգապահական պատասխանատվության ինստիտուտն ենք կատարելագործում»,- ասաց նա:

Անդրադառնալով Վերաքննիչ դատարանի նախագահ Վազգեն Ռշտունու այն հայտարարությանը, թե դատական իշխանության վրա կա ճնշում թե՛ օրենսդիր, թե՛ գործադիր իշխանության կողմից, Բադասյանն ասաց, որ իրենք ցանկանում են դատական համակարգի անկախությունն ապահովել:

«Վերից վար հստակ կոռումպացված մեխանիզմներով գործող դատական համակարգը, որը գոյություն է ունեցել մինչև 2018 թվականի մայիս-հունիս ամիսները, որտեղ ուղղակի հաստատված դրույքաչափերով կաշառքները վերից վար, վարից վեր իջել են, նմանատիպ դատական համակարգի պայմաններում լռել, լռել այն դեպքում, երբ այդ համակարգը բացառապես կախված է եղել գործադիրից և իշխանափոխությունից հետո, երբ մենք ձեռնարկում ենք դատաիրավական բարեփոխումներ, երբ մենք ասում ենք՝ եկեք դատական համակարգի անկախությունն ապահովենք, քաղհասարակությանն ասում ենք՝ եկեք ներգրավվեք, և այդ պայմաններում որոշ հայտարարություններ մեկնաբանել որպես դատարանի նկատմամբ ճնշում, զավեշտից բացի որևէ այլ տպավորություն չի թողնում»,-նշեց նա:

Հարցին էլ՝ հիմա ունե՞նք դատավորներ, որոնք քրեական հեղինակությունների հետ կապ ունեն, նա պատասխանեց. «Տեղեկությունները թող իրավապահ մարմիններն ունենան՝ նման բան կա՞, թե չկա: Ես ասել եմ էն, ինչ ասել եմ»:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ