fbpx
Կառավարություն

Որոշ պաշտոնյաներ Մեղրու ազատ տնտեսական գոտու տարածքի հողերը նախապես գնել են ծիծաղելի գներով. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության մարտի 7-ի նիստում ասաց՝ Մեղրիի ազատ տնտեսական գոտու հետ կապված քննարկումները շատ են, ապա հիշեցրեց՝ այս գոտու շուրջ հողերի ձեռքբերման հետ կապված որոշակի տարօրինակ փաստեր էին արձանագրել:

«Նախնական տեղեկություններ ունեինք, որ բարձրաստիճան պաշտոնյաներ, նախապես տեղյակ լինելով կամ հընթացս գուցե, տեղյակ լինելով, որ այդտեղ ազատ տնտեսական գոտի է հիմնադրվելու, շրջակա հողերը ձեռք էին բերել ծիծաղելի գներով: Երբ անցյալ տարի այցելեցի Մեղրիի ազատ տնտեսական գոտի, արձանագրվեց, որ այդտեղ, ըստ էության, պետական հողատարածք չկա: Ընթա՞ցք է տրվել գործին, ի՞նչ ենք արել»,- ասաց նա:

ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը հայտնեց, որ այս պահին քրգործ է հարուցված այդ գործի շրջանակներում:

«Ոստիկանության մեր գործընկերները տեղեկացնում են՝ հաշվի առնելով փաստերը, որ առկա են այս գործի շրջանակներում, միանշանակ է, որ տվյալ հողատարածքը վերադարձման ենթակա է պետության հաշվեկշռին, և դա, ըստ մեր գործընկերների, կտևի 2-3 ամիս»,- ասաց նա:

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հայտնեց, որ ոստիկանության կողմից իրականացված գործողությունների արդյունքում նյութեր նախապատրաստվեցին, հարուցվեց քրեական գործ: Դավթյանը հաստատեց՝ կեղծիքների միջոցով իրականացվել է համապատասխան հողերի վաճառք, գործարք, տեղեկացրեց՝ և գնային, և ֆորմալ առումով այնտեղ կան կեղծիքներ: Գլխավոր դատախազը հայտնեց, որ նախաքննական մարմնի մոտ է գործը, խոստացավ արագացնել քննության ընթացքը, և եթե հիմնավորվեն ընթացակարգերի խախտումները, ապա այդ գործարքները լուծելու հիմքեր կունենան:

Վարչապետը հետաքրքրվեց՝ իսկ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու հիմքեր կլինե՞ն:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ