Հասարակություն

Դրամական աջակցություն կստանան անշարժ գույքը կորցրած Շուռնուխի և Որոտանի քաղաքացիները

Կառավարության այսօրվա նիստում հաստատվել է ՀՀ Սյունիքի մարզի Շուռնուխ և Որոտան բնակավայրերում գտնվող և Ադրբեջանի վերահսկողության տակ անցած բնակելի անշարժ գույքի հասցեում հաշվառված կամ այդ հասցեում փաստացի բնակված, սակայն նույն բնակավայրի այլ հասցեում հաշվառված քաղաքացիների օգնության միջոցառումը:

Կանոնակարգվում են քաղաքացիների աջակցություն նշանակելուն և վճարելուն առնչվող հարաբերությունները: Մասնավորապես՝ միանվագ և ամսական դրամական օգնությունը վճարելու է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը՝ Սյունիքի մարզպետարանից ստացված տվյալների հիման վրա՝ դրանք համադրելով բնակչության պետական ռեգիստրի, քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններից ստացված՝ մահվան ակտերի գրացման վերաբերյալ տվյալների հետ: Միանվագ և ամսական դրամական օգնության գումարը վճարվում է անկանխիկ եղանակով՝ շահառուի (անչափահաս երեխայի դեպքում՝ ծնողի կամ խնամակալի) բանկային հաշվին փոխանցելու միջոցով։ Միջոցառման իրականացման համար անհրաժեշտ է շուրջ 35 մլն դրամ, որը կհատկացվի ՀՀ 2021 թ. պետբյուջեով Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հատկացված միջոցների հաշվին։

Կառավարությունն ընդունել է «Էքսպրես-բեռների համար ապրանքային և ուղևորային մաքսային հայտարարագրերի թղթային տարբերակների կիրառման մասին» որոշում: Ըստ այդմ նախատեսվում է էքսպրես-բեռների համար ապրանքային մաքսային հայտարարագրի և էքսպրես-բեռների համար ուղևորային մաքսային հայտարարագրի պարզեցված ձևերի թղթային տարբերակով կիրառման հնարավորություն՝ մինչև մաքսային մարմինների հայտարարագրման ավտոմատացված համակարգում համապատասխան ծրագրի ներդրումը և գործարկումը։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ