fbpx
Իրավական

Ոստիկանի սպանության գործով երկու անձ բերման է ենթարկվել

Ոստիկանության մի շարք ստորաբաժանումների ծավալուն և տարաբնույթ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել ու ոստիկանություն բերման են ենթարկվել երկու անձ՝ ժամեր առաջ Ազատության պողոտայում ոստիկանության ծառայողին հրազենի գործադրմամբ սպանելու կասկածանքով։ Այս մասին քիչ առաջ իր ֆեյսբուքյան էջում գրել է Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը։

Ավելի վաղ ոստիկանությունը հայտնել էր, որ Երեւանում հոկտեմբերի 16-ին հրազենի գործադրմամբ սպանություն է տեղի ունեցել. գիշերը ժամը 04․30-ի սահմաններում, ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Արաբկիրի պահպանության բաժնի գիշերային ծառայություն իրականացրած կարգախմբերից մեկի ոստիկանները «Հաղթանակ» զբոսայգու մուտքի մոտ նկատել են երկու անձի։

Վերջիններս տեսնելով պարեկային մեքենան փախել են։ Ոստիկանության ծառայողները հետապնդել են նրանց եւ Ազատության պողոտայում բռնել։ Բռնված անձինք դիմադրել են։

Այդ ընթացքում նրանցից մեկը խլել է ոստիկաններից մեկի հաշվեցուցակային ատրճանակն ու կրակել նրանցից մեկի վրա, ինչպես նաեւ ատրճանակի բռնակով հարվածել մյուս ոստիկանին։ Վերջիններս դեպքի վայրից դիմել են փախուստի։

Ստացած հրազենային վնասվածքի հետեւանքով՝ Արաբկիրի պահպանության բաժնի ոստիկան, 38-ամյա Տիգրան Առաքելյանը մահացել է։

Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ