fbpx
Քաղաքականություն

Ոստիկանության բարոյալքումը սկսվել է Սերժ Սարգսյանի ՆԳ նախարար նշանակումով. Նարեկ Այվազյան

Ես մի բան եմ ուզում ասել ի պաշտպանություն ոստիկանության, որը պետության ներքին անվտանգության հիմնասյուներից եմ համարում և փառք ու պատիվ այն ոստիկաններին, որոնք քաղաքացու արժանապատվության, առողջության ու կյանքի համար պայքար են մղել, ինչպես նաև կռիվ տվել հանցավորության ու անօրինականության դեմ:

Տարիներ շարունակ այս համակարգը եղել է կա՛մ մահակ, կա՛մ վահան իշխող վերնախավերի համար: Այսօր այդ համակարգը կարկամած է, և ոչ թե այն պատճառով, որ իրեն չեն օգտագործում որպես վահան կամ մահակ, այլ այն պատճառով, որ չեն զգում հուսալի քաղաքական հենարան, դեռ մի բան էլ հակառակը՝ անընդհատ գլխներին բամփում են:

Իրավիճակի փոփոխությունից հետո ոստիկանը դարձավ որոշ ակտիվիստներինը, բայց ոչ ժողովրդինը: Ժողովուրդը տարիներ շարունակ ինքն է իր թասիբը պահել: Ժողովրդին մի թասիբ է մնացել, ու երբ ուզում են խլել՝ պատասխանում է, ընդհուպ՝ արյունով: Սա կարևոր է արտաքին թշնամու դեմ պայքարում, սակայն ներքին առումով ունի վտանգավոր կողմեր: Օրինակ՝ ամեն անբարոյական կարող է վնասել մարդկանց հոգեպես կամ ֆիզիկապես և պաշտպանվել այս մոտեցմամբ:

Բարոյազուրկների գործելու պարագայում ո՛չ թագավորները, ո՛չ ծառաները, ո՛չ գողականները, ո՛չ ոստիկանները, ո՛չ էլ օտարները կամ միջազգային կառույցները չեն դառնում իրավիճակի տերը, այլ բոլորը միառժամանակ տուժվում են: Եվ վատն այն է, որ դրանք միշտ խառնվում են արդարամիտներին, էլ ավելի պղտորելով ամեն բան: Հա, ժողովրդին թասիբի գցելը հեշտ չէ: Բայց ընկնելուց, վերնշվածները անկարող ու անիմաստ են դառնում, անուժ է դառնում նույնիսկ թշնամին:

Իսկ ի՞նչ կար պաշտպանելու ոստիկանությանը՝ հարց կծագի, այն էլ այն ժամանակահատվածում, որ ամենաքննադատվածն է, ամենածաղրվածն է, ամենալքվածն է և բոլորը տեղին ու անտեղին լայքերի կամ դիվիդենտների համար քարկոծում են, որոշ դեպքերում էլ տեղին քննադատում են, ինչը անելուց ես էլ իմ փայ լայքերը կհավաքեի: Ասեմ:

Բոլորս գիտենք, որ ոստիկանությանը ռեժիմով բարոյալքել են և վստահաբար կարող եմ ասել, որ դա սկսվել է այն ժամանակվանից, երբ Սերժ Սարգսյանը նշանակվեց միառժամանակ ՆԳՆ ու ԱԱԾ ղեկավար: Ոչ թե, որ միացվեց կառույցների կառավարումը, այլ որ քաղաքական հենքը արմատախիլ արվեց ոստիկանությունից, որը հայկականացնում կամ, կարելի է ասել՝ զրոյից հիմնում էր ներքին անվտանգությունն ապահովող համակարգը ոչ դեկլարատիվ, այլ կենսական, ռազմավարական ծրագրերի հիման վրա:

Արա՛, նույնիսկ վաճառում էիք պագոններն ու պաշտոնները, իսկ պայքարող մարդկանց՝ հեռացնում համակարգից, շինծու գողականներին ընդունում էիք ձեր կաբինետներում, հանցագործություններ էիք պարտակում, ուղղորդում էիք, որ մարդկանց բռնաճնշեն, պոռնկությունն ու թմրանյութերի առևտուրը հովանավորում էիք ու ձեր բալեքին դնում նման գործերի վերահսկողության վրա:

Իսկ դրանից առաջ տենց չէր: Դրանից առաջ ուղղակի բռուտալ ոստիկանություն էր, որին դեմ տվեցին իննսունվեցի ընտրությունների ժամանակ իրենց քաղաքական խաղերի համար, ավելի ճիշտ՝ իրենց ճղճիմ ու թույլիկ լինելու պատճառով: Իսկ բռուտալ էր այդ ժամանակ ոստիկանությունը, որովհետև առաջին խնդիրն էր, որ մեր զինված ազատամարտիկներին պատերազմական շրջանում թույլ չտային ամենաթողության, որ ամեն մի սահմանից հետ եկող չքաշեր կալաշնիկովը խանութպանի վրա, երեխու ծնունդին չհաներ օդ կրակեր և այլն:

Այն ժամանակվա ոստիկանությունն ուներ կշիռ և մեծ հույս ունեմ, որ հիմա, նոր իրավիճակում ինչ-որ հանգամանքներում կվերանվաճի իր դիրքերը և կկենսագործի՝ ծառայելով իր նշանակությանն ու էությանը: Եվ ևս մեկ բան էլ հավելեմ, որ նույնիսկ ամենավատ ոստիկանությունն ավելի լավ է, քան առանց ոստիկանության: Պատկերացրեք, եթե մեկ օր մենք չունենանք ոստիկանություն՝ ամբողջ երկիրը իրար կսպանի, կթալանի ու կավերի:

Այնպես որ, ինչքան էլ բարդենք երբեմն ուղտի պես սեմուշկա չրթող-թքող ոստիկանի կերպարի վրա, որը օր առաջ պետք է համակարգը լքի, և որը ձևավորվել է, կրկնեմ՝ սիստեմատիկ բարոյալքելու պատճառով, միևնույնն է իր կարևորությունն ունի: Ուղղակի ասեմ՝ քաղաքական կամք, ջանք, գիտելիք ու ուժեղ ձեռք է պետք, որպեսզի կարգավորվի և մարդիկ իրենց թասիբը ամեն քայլափոխի պաշտպանելու կարիք չզգան:

Նարեկ Այվազյան

https://www.facebook.com/NarekMasisAyvazyan/posts/3988575187821012

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ