Իրավական
11:20 17/12/2019

Ոստիկանության ծառայողը «Կարմիր գրքում» գրանցված բեզոարյան այծ է որսացել (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Դեկտեմբերի 14-ին ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները, ստացված տվյալներն իրացնելիս, Ազատավան գյուղի բնակիչներից մեկի տանը հայտնաբերել են «Կարմիր գրքում» հաշվառված բեզոարյան այծի գլուխ՝ մորթիով:

Ոստիկանության Արարատի մարզային վարչության, Արտաշատի և Արարատի բաժինների ծառայողները համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզել են, որ Վեդի քաղաքի բնակիչը, որը ոստիկանության Արարատի մարզային վարչության տարածքային ստորաբաժանումներից մեկի ծառայող է, դեկտեմբերի 11-ին, ժամը 15.00-ի սահմաններում, Դաշտաքար գյուղից 2 կմ հեռու «Կոթոբուլախ» կոչվող վայրում, իր օրինական ակոսափող հրազենով որսացել է բեզոարյան այծին։ Այնուհետև մորթել և իր մեքենայով տեղափոխել է Ազատավան գյուղի իր ծանոթի տուն՝ մորթին մշակելու նպատակով:

Դեկտեմբերի 15-ին ոստիկանը ներկայացել է Արտաշատի բաժին, տվել խոստովանական բացատրություն ու ներկայացրել հրազենը: Դեպքի առթիվ ոստիկանության Արտաշատի բաժնում նախապատրաստվող նյութերն զուգահեռ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում իրականացվում է ծառայողական քննություն։

Հանգամանքները պարզվում են։

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ