fbpx
Իրավական

Ոստիկանության, ՊՆ-ի, ԱԱԾ-ի մի շարք պաշտոնատար անձանց կողմից չարաշահման դեպքերի առթիվ հարուցված քրգործն ուղարկվել է ՀՔԾ

2003-2018թթ. կատարված սպանությունների եւ դրանց փորձերի դեպքերի առթիվ քննվող քրեական գործի նյութերով ՀՀ ոստիկանության, ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ ազգային անվտանգության ծառայության պետական հատուկ ծառայություն իրականացնող մի շարք պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործն ուղարկվել է ՀՔԾ։ Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից։

2003-2018 թվականներին կատարված սպանությունների եւ դրանց փորձերի դեպքերի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով պարզվել են մի շարք հանգամանքներ:

Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2003թ. սեպտեմբերի 30-ին սպանության համար հետախուզման մեջ գտնվող մեղադրյալը Վրաստանի ներքին գործերի նախարարության կողմից մեկ այլ քաղաքացու կեղծ տվյալներով ստացել է Վրաստանի քաղաքացու անձնագիր եւ մեկնել Ֆրանսիա:

Մեղադրյալը, Վրաստանի քաղաքացու տվյալներով, ՀՀ քաղաքացիություն ստանալու համար, 2010թ. դիմել է Ֆրանսիայում ՀՀ դեսպանություն, իսկ 2011թ. փետրվարի 17-ին, նույն կեղծ տվյալներով, ՀՀ քաղաքացիություն ստանալու վերաբերյալ դիմում է ներկայացրել ՀՀ նախագահին: Այդ կապակցությամբ ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչությունում կազմվել է քաղաքացիություն շնորհելու վերաբերյալ գործ եւ ուղարկվել ՀՀ ազգային անվտանգության ծառայություն՝ կարծիք հայտնելու նպատակով:

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից անձնագրային եւ վիզաների վարչություն պատասխան գրություն է ուղարկվել, որ ՀՀ քաղաքացիություն շնորհելու վերաբերյալ առարկություն չունեն:

ՀՀ նախագահի 2011թ. հունիսի 20-ի հրամանով մեղադրյալին, կեղծ տվյալներով, ՀՀ քաղաքացիություն է շնորհվել, իսկ 2011թ. հոկտեմբերի 31-ին անձնագրային եւ վիզաների վարչությունից վերջինս ստացել է ՀՀ քաղաքացու անձնագիր, որից հետո այդ անձնագրով, 2012թ. մարտի 23-ից մինչեւ 2016թ. օգոստոսի 24-ը, պարբերաբար ապօրինի հատել է ՀՀ պետական սահմանը:

2011թ. նոյեմբերի 1-ից մեղադրյալը, կեղծ տվյալներով, ՀՀ պաշտպանության նախարարի հետ կնքված աշխատանքային պայմանագրով ընդունվել է ծառայության ՀՀ պաշտպանության նախարարությունում՝ նշանակվելով զինծառայողի հաստիքի՝ որպես զորամասի ուսումնական մասի պետ-դպրոցի պետի տեղակալ: Միաժամանակ, ՀՀ պաշտպանության նախարարության Էրեբունու զինկոմիսարիատում, առանց սահմանված փաստաթղթերի եւ ստուգումների, մեղադրյալի կեղծ տվյալներով կազմվել է սպայի անձնական գործ: 2011թ. դեկտեմբերի 23-ից ՀՀ պաշտպանության նախարարության կողմից մեղադրյալին, «դրամական օժանդակություն» հիմնավորմամբ, ամեն ամիս փոխանցվել են գումարներ: 2012թ. հունիսի 4-ին ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով մեղադրյալն ազատվել է ծառայությունից՝ զբաղեցրած պաշտոնին անհամապատասխանության հիմքով: Դրանից հետո էլ ՀՀ պաշտպանության նախարարության կողմից շարունակվել են ամեն ամիս գումարներ փոխանցվել մեղադրյալին՝ մինչեւ 2012թ. դեկտեմբերի 3-ը: Այնուհետեւ՝ 2015թ. ապրիլի 28-ից մինչեւ 2016թ. օգոստոսի 26-ը, մեղադրյալի հաշվեհամարին ՀՀ պաշտպանության նախարարությունից, «ռազմական կարիքների համար» հիմնավորմամբ, փոխանցվել են գումարներ, ինչպես նաեւ՝ նրան տրամադրվել է ՀՀ պաշտպանության նախարարության ծառայողական վկայական եւ ավտոմեքենա, որը շահագործվել է նրա կողմից: Ընդհանուր ՀՀ պաշտպանության նախարարությունից մեղադրյալի հաշվեհամարին փոխանցվել է շուրջ 9 միլիոն ՀՀ դրամ:

Նախաքննության ընթացքում կատարված հարցմամբ պարզվել է, որ ՀՀ պաշտպանության նախարարության համակարգում նման ծառայողի վերաբերյալ տվյալներ գրանցված չեն եւ այդպիսի տվյալներով անձ ՀՀ պաշտպանության նախարարության սպայական, ենթասպայական եւ շարքային կազմի պայմանագրային պաշտոններում երբեւէ չի ծառայել:

2015թ. փետրվարի 9-ին ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում արգելանք է սահմանվել հետախուզվող մեղադրյալի, կեղծ տվյալներով անձի սահմանահատումների նկատմամբ:

2015թ. փետրվարին մեղադրյալը ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից հայտնաբերվել է Վանաձորում, սակայն ազատ է արձակվել՝ չներկայացվելով նախաքննական մարմնին:

2015թ. ապրիլի 24-ին մեղադրյալը «Զվարթնոց» օդանավակայանով, իր կողմից օգտագործվող կեղծ անձնագրով, փորձել է մեկնել ՀՀ-ից: ՀՀ ազգային անվտանգության ծառայողների կողմից վերջինիս սահմանահատումը կասեցվել է, եւ նա հանձնվել է ՀՀ ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողներին: Սակայն հետախուզվող մեղադրյալը մի քանի ժամ անց արգելանքից ազատվել է եւ նույն օրը ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից վերացվել է վերջինիս սահմանահատումների նկատմամբ սահմանված վերը նշված արգելանքը, որից վեց օր անց՝ ապրիլի 30-ին, մեղադրյալը մեկնել է ՀՀ-ից: Հետագայում էլ մեղադրյալը շարունակել է ազատորեն տեղաշարժվել եւ հատել սահմանը:

Բացի այդ, 2015թ. ՀՀ ազգային անվտանգության ծառայողները պարզել են, որ կեղծված տվյալներով մեղադրյալը հանդիսանում է առանձնապես ծանր հանցագործության կատարման մեջ մեղադրվող հետախուզվողը, որ նա գտնվում է ՀՀ-ում եւ միջոցներ չեն ձեռնարկվել՝ վերջինիս բերման ենթարկելու եւ նախաքննական մարմնին հանձնելու ուղղությամբ:

Հաշվի առնելով, որ հայտնաբերվել են ՀՀ ոստիկանության, ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ ազգային անվտանգության ծառայության պետական հատուկ ծառայություն իրականացնող մի շարք պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու եւ ծառայողական պարտականությունները չկատարելու առերեւույթ տվյալներ, 2020թ. մայիս 15-ին ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ, որն ըստ քննչական ենթակայության ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ