Աշխարհ
15:35 30/06/2020

Վրաստանի սահմանները փակ են բոլոր հարևանների համար. Վախթանգ Գոմելաուրին

Վրաստանի ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրին մեկնաբանել է սոցիալական ցանցերում տարածված լուրերն այն մասին, որ Ռուսաստանի հետ Վրաստանի սահմանը բաց է:

Նախարարն ասել է, որ ինքը կցանկանար ուշադրություն հրավիրել սոցիալական ցանցերում և որոշ ԶԼՄ-ներում տարածված այն տեղեկություններին, որ Վրաստանի սահմանները բաց են, և ուշադրության կենտրոնում է գտնվում Ռուսաստանը:

«Նշվում է, որ Ռուսաստանի քաղաքացիներ են մուտք գործում երկիր: Ես ցանկանում եմ հավաստի տեղեկություն հաղորդել մեր քաղաքացիներին, բնակիչներին՝ սահմանները փակ են բոլոր ուղղություններով, բոլոր հարևանների՝ այդ թվում Ռուսաստանի հետ: Սահմանները բաց են միայն մեր քաղաքացիների համար, նրանք էլ երկիր ժամանելուն պես երկշաբաթյա կարանտին պետք է անցնեն»,-ասել է Գոմելաուրին:

Գոմելաուրինի մեկնաբանմամբ խոսքը երկքաղաքացիների մասին է, որոնք ունեն Վրաստանի և Ռոիսաստանի քաղաքացիություն և իրենք իրավունք չունեն նրանց կանգնեցնելու, կամ հետ վերադարձնելու:

«Եթե ծնողները երկքաղաքացի են, մենք չենք կարող երեխային այլ երկրում թողնել: Շատ դեպքերում երեխաները չեն հանդիսանում Վրաստանի քաղաքացի, այդ պատճառով էլ սոցիալական ցանցերում տեղեկություն է տարածվում, թե Ռուսաստանի քաղաքացիներ են մուտք գործում երկիր: Ավելացնեմ նաև, որ կորոնավիրուսի բռնկումից հետո Ռուսաստանի շատ քաղաքացիներ չեն ցանկացել վերադառնալ և մնացել են Վրաստանում: Նրանք արդեն մի քանի ամիս է՝ այստեղ են, չեն լքում երկիրը: Նրանց այստեղ գտնվելն օրինական է, քանի դեռ օրենքով սահմանված ժամկետը չի լրացել: Մենք չենք կարող վտարել նրանց երկրից»,-ասել է Գոմելաուրին:

Այս մասին հայտնում է kvira.ge կայքը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ