Վրաստանի ջանքերն ամրապնդում են իմ հավատը: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ԱՄՆ ողջ կառավարության անունից հայտարարում եմ, որ դուք ՆԱՏՕ-ին անդամակցելու ճանապարհին ԱՄՆ-ի աջակցության պակաս չեք ունենա: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի հետ հանդիպումից հետո:
Պոմպեոն անդրադարձել է Ռազմավարական գործընկերության խարտիայի 10-ամյակին՝ նշելով, որ հրապարակվելիք հոբելյանական հռչակագրում կնշվեն երկկողմ հարաբերությունների հետագա ուղղությունները:
«Հուսով եմ՝ Վրաստանը հետագայում ևս տրամադրված կլինի բարեկամական և կհիմնվի ընդհանուր պարտավորությունների վրա: Վրաստանը ՆԱՏՕ-ի դաշնակից հայցվորի կարգավիճակում է, և դա այն պատճառներից մեկն է, որ մենք սերտորեն համագործակցում ենք: Նախագահ Թրամփը բոլոր ազգերն կոչ է արել առավել մեծ ջանքեր գործադրել գլոբալ մարտահրավերները հաղթահարելու համար: Վրաստանը բարեխղճորեն է կատարում այդ կոչը Աֆղանստանում ահաբեկչության դեմ պայքարում: Այսօր վրցի խիզախ զինծառայողները հրաժարվել են ամեն ինչից և ամերիկացի զինծառայողների հետ կողք-կողքի պայքարում են խաղաղության համար: Ընդհանուր առմամբ 870 վրացի զինծառայող է ծառայում ՆԱՏՕ-ի խաղաղապահ առաքելությունում»,- ասել է Պոմպեոն:
Բախտաձեն շնորհակալություն է հայտնել Պոմպեոյին Վրաստանին աջակցելու համար և նշել այն արդյունքները, որոնք գրանցվել են ԱՄՆ-Վրաստան 10 տարվա ռազմավարական գործընկերության ընթացքում:

