fbpx
Աշխարհ

Վրաստանում 2 քաղաքացի է ձերբակալվել միջուկային ուրան վաճառելու փորձի համար

Վրաստանի խորհրդարանում այսօր հաշվետվությամբ ելույթ է ունեցել Վրաստանի ՊԱԾ ղեկավար Վախթանգ Գոմելաուրին: Ներկայացվել են երկրում կոռուպցիայի, ահաբեկչական սպառնալիքների, հակահետախուզության, քիմիական, կենսաբանական, ճառագայթային սպառնալիքների դեմ պայքարի և անձնական տվյալների պաշտպանության վերաբերյալ տվյալներ:

Գոմելաուրին վստահեցրել է, որ Վրաստանում «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության կողմնակիցների թիվը նվազել է, սակայն ահաբեկչության սպառնալիքը չի բացառել: Նրա հայտարարությամբ՝ 2018 թ. Իրաքում և Սիրիայում ռազմական գործողությունների ժամանակ զոհվել են մի քանի վրացիներ, ևս 20-ը պայքարում են ահաբեկչական կազմակերպությունների շարքերում:

Անդրադառնալով երկրում միջուկային նյութերի շրջանառությանը՝ Գոմելաուրին հայտարարել է, որ մարտի 17-ին ՊԱԾ-ը ձերբակալել է Վրաստանի երկու քաղաքացու, ովքեր փորձել են միջուկային ուրան վաճառել:

«Անցյալ տարի բացահայտվել են Վրաստանի արտաքին քաղաքականության փոփոխության ուղղությամբ օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների գործողությունները»,- շարունակելով ներկայացնել հաշվետվությունը՝ հայտարարել է ՊԱԾ ղեկավարը:

ՊԱԾ ղեկավարն անդրադարձել է նաև Վրաստանի բռնազավթված տարածքներին՝ հայտարարելով, որ բռնազավթված տարածքները Վրաստանի համար մնում են առաջնային մարտահրավեր:

Նրա խոսքով՝ վերջին մեկ տարվա ընթացքում շարունակվել է Աբխազիայի և Ցխինվալի սպառազինումը, ազգային հողի վրա վրացի բնակչության դեմ ուղղված խտրականությունն ու ազատ տեղաշարժի իրավունքի սահմանափակումը:

Ինչպես նշել է Գոմելաուրին, բռնազավթված շրջաններում ռուսական ռազմական մեծ ներկայությունն ու հատուկ ծառայությունների ակտիվությունը մարտահրավեր է ինչպես Վրաստանի և կովկասյան տարածաշրջանի, այնպես էլ Եվրոպայի անվտանգության համար:

Պետական ​​անվտանգության ծառայության ղեկավարի խոսքերով՝ անցկացվել է «Առյուծի վահան» լայնածավալ միջազգային զորավարժությունը, որի համար Եվրահանձնաժողովը Վրաստանին անվանել է լավագույն գործընկեր:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ