Բրազիլիայի Սան Պաուլու նահանգի բնակելի թաղամասերից մեկում ուրբաթ ինքնաթիռ է կործանվել, որում եղել է 62 մարդ, սակայն դեռ պարզ չէ, թե քանի մարդ է վիրավորվել կամ զոհվել: VoePass ավիաընկերությունը հաստատել է, որ Սան Պաուլոյի Գուարուլյոս միջազգային օդանավակայան մեկնող ինքնաթիռը վթարի է ենթարկվել Վինյեդու քաղաքում։ Ինքնաթիռում եղել է 58 ուղևոր և անձնակազմի 4 անդամ:
Հայտարարության մեջ չի նշվում, թե ինչն է եղել վթարի պատճառ։ Բրազիլիայի հարավում տեղի ունեցած միջոցառման ժամանակ նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան հավաքվածներին խնդրել է ոտքի կանգնել, հայտնել լուրը և մեկ րոպե լռությամբ հարգել վթարի զոհերի հիշատակը:
Նա ասել է, որ, ըստ ամենայնի, ինքնաթիռի բոլոր ուղևորներն ու անձնակազմը մահացել են։ Ավելի ուշ տեղեկությունը հաստատել է Վինյեդուի քաղաքապետարանը։
Հրշեջները, ռազմական ոստիկանությունը և քաղաքացիական պաշտպանության մարմինները խմբեր են ուղարկել Վինյեդուի վթարի վայր: Բրազիլական GloboNews հեռուստաալիքը ցուցադրել է կադրեր, որոնցում երևում է, թե ինչպես է հրդեհը բռնկվել և ծուխ դուրս եկել:
GloboNews-ի կադրերը նաև ցույց են տվել, թե ինչպես է ինքնաթիռն ուղղահայաց ընկնում ներքև՝ պարուրաձև պտտվելով:
Բրազիլիայում ինքնաթիռ է վթարի ենթարկվել
By
Posted on