fbpx
Մշակույթ

WCIT նվագախումբը, Սմբատյանի ղեկավարությամբ, կկատարի արհեստական ինտելեկտի ստեղծած երաժշտությունը

Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի շրջանակում, որը Հայաստանում առաջին անգամ է հյուրընկալվել, ստեղծվել է WCIT համաշխարհային նվագախումբը: Այն համաժողովի մեկնարկին ընդառաջ հանդես է գալու աննախադեպ համերգով` իրական ժամանակում կատարելով արհեստական բանականության երաժշտությունը:

Նվագախմբի առաջին ելույթը նախատեսվում է հոկտեմբերի 6-ին Հանրապետության հրապարակում։ Համերգը ղեկավարելու է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։

«Հաճախ են ասում, որ տեխնոլոգիական առաջընթացը մարդկանց հեռացնում է միմյանցից: Կարևորում ենք կրթությունը, մշակույթը, և, ստեղծելով WCIT նվագախումբը, ցանկացանք ցույց տալ, որ տեղեկատվական տեխնոլոգիաների հաջողությունը կարող է արտահայտվել նաև արվեստում»,- նշել է Սերգեյ Սմբատյանը: Նա հավելել է, որ նվագախումբը կազմված է ավելի քան հարյուր երաժշտից: Նրանք ներկայացնում են այն երկրները, որոնք նախկինում հյուրընկալել են Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովները:

Աննախադեպ ձևաչափ ունեցող նվագախմբի համերգային ծրագրում ներառված են նաև համաժողովը հյուրընկալած երկրները խորհրդանշող երաժշտական ստեղծագործություններ, հայ կոմպոզիտորների լավագույն ստեղծագործություններից կազմված շար։ Համերգին ելույթ է ունենալու նաև աշխարհահռչակ DJ Արմին վան Բյուրենը:

WCIT համաշխարհային նվագախմբի ստեղծման գաղափարը պատկանում է Սերգեյ Սմբատյանին և կյանքի է կոչվել WCIT-2019-ի կազմակերպիչների աջակցությամբ։ Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ամենահեղինակավոր իրադարձությանը Հայաստանը կներկայանա մեգանախագծով, աննախադեպ նորարարությամբ՝ ՏՏ համայնքի առանցքային գործիչներին ցույց տալով, որ նոր գաղափարներ գեներացնող երկիր է։

WCIT համաշխարհային նվագախմբի երաժիշտները Հայաստան են ժամանելու սեպտեմբերի 29-ից։ Փորձերը կմեկնարկեն սեպտեմբերի 30-ից։

Ավելին՝ Armenpress.am

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ