Էկո

Սևանա լճում երկարաչանչ խեցգետինը գտնվում է ոչնչացման եզրին

Սևանա լճում երկարաչանչ խեցգետինը գտնվում է ոչնչացման եզրին: Այս մասին են փաստում ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի իրականացրած հետազոտությունների արդյունքները: Հետազոտություններն իրականացվել են ՀՀ շրջակա միջավայրի նախարարության կողմից ֆինանսավորվող «Սևանա լճում և նրա ջրհավաք ավազանում ձկան և խեցգետնի պաշարների հաշվառում» ծրագրի շրջանակներում։

Այս մասին հայտնում է գիտությունների ազգային ակադեմիան՝ նշելով, որ երկարաչանչ խեցգետինը (Pontastacus leptodactylus Eschscholtz, 1823) Սևանա լիճ է ներմուծվել 1980-ական թվականների վերջին և, գտնելով իր գոյության համար նպաստավոր պայմաններ, դարձել է արդյունագործական օբյեկտ։ Սակայն խեցգետնի թվաքանակը տարեցտարի կրճատվում է պաշարների վատ կառավարման և պոպուլյացիայի շրջանում տարածված հիվանդությունների հետևանքով։

Խեցգետնի ընդհանուր զանգվածը Սևանա լճում 2021թ․ կազմել է մոտ 78 տոննա, որից Մեծ Սևանի տարածքում 1 հեկտարում խեցգետնի կենսազանգվածը կազմել է 1կգ 60գ, Փոքր Սևանում՝ 653 գ։ 2020թ. համեմատ պաշարները նվազել են 27 տոննայով։ 2020թ․ Մեծ Սևանի տարածքում 1 հեկտարում խեցգետնի կենսազանգվածը կազմել է 1կգ 220գ, Փոքր Սևանում՝ 1,5 կգ։

Խեցգետնի պոպուլյացիայի անկման պատճառներից է անօրինական որսը: Սևանա լճում շարունակվում է խեցգետնի անօրինական որսը, որի ընթացքում օգտագործվում են զսպանակավոր և չինական հարմոնաձև խեցգետնորսիչներ։ Չինական հարմոնաձև խեցգետնորսիչներ են օգտագործվել Շորժայի, Ծովազարդի և Ծովինարի տարածքներում, որտեղ որսաբաժնում ոչ արդյունագործական, փոքր կենդանիների թիվը կազմել է 44-87 տոկոս։ Զսպանակավոր որսագործիքներում ոչ արդյունագործական չափի կենդանիների մասնաբաժինը տատանվել է 25.6-59 տոկոսի սահմաններում։ Զսպանակավոր խեցգետնորսիչների միջին որսունակությունը (գ/օր) Փոքր Սևանում 2020թ․ համեմատ նվազել է մոտ երկու անգամ։

«Սևանա լճի խեցգետնի պոպուլյացիայի վիճակը շարունակում է վատանալ: Այս կենսառեսուրսը կանգնած է ոչնչացման եզրին»,- ասաց ծրագրի ղեկավար, ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի Հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի տնօրեն, կենսաբանական գիտությունների թեկնածու Էվելինա Ղուկասյանը։ Նա նշեց, որ լճի հատակում օրգանական նյութի կուտակման արդյունքում թթվածնային պայմանների վատացումը սահմանափակել է խեցգետինների տարածման սահմանները։ Խեցգետինները հիմնականում կենտրոնացված են 3-15մ խորություններում:

2018թ-ից խեցգետնի թվաքանակի կտրուկ անկման պատճառներից է նաև պոպուլյացիայում սկսված ժանգախտ քրոնիկ սնկային հիվանդությունը, որն ակտիվորեն զարգանում է գյուղատնտեսական և կենցաղային հոսքաջրերով աղտոտված ջրակալներում։

«Սևանա լճում խեցգետնի հիվանդ առանձնյակներն առաջին անգամ հայտնաբերվել են 2017թ-ին։ Խեցգետինների շրջանում հիվանդության զարգացումը համընկել է լճի «ծաղկման» երևույթների ակտիվացման հետ։ Հիվանդության հետևանքով կենդանիների խեցու վրա հայտնվում են սև և կարմրավուն հետքեր, որոնք այրվածք են հիշեցնում: Որսաբաժնում հիվանդ կենդանիների մասնաբաժինը կազմել է մոտ 10-11 տոկոս։ Ծովագյուղի տարածքում գրանցվել է ամենաբարձր ցուցանիշը՝ 21,7 տոկոս։ Ընդ որում, համեմատաբար բարձր ցուցանիշ է գրանցվել արու խեցգետինների շրջանում, ինչը խոսում է վերջիններիս համեմատաբար պակաս կենսունակության մասին։ Նորադուզի տարածքը շարունակում է մնալ համեմատաբար պակաս վարակված շրջան»,- ասաց Էվելինա Ղուկասյանը:

Սևանա լճի խեցգետնարդյունավետությունը վերականգնելու նպատակով ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնն առաջարկել է պատկան մարմիններին հրատապ միջոցառումներ իրականացնել, մասնավորապես, արգելել խեցգետնի որսը լճում և պայքարել որսագողության դեմ, արգելել խեցգետնի վաճառքը երկրի ներսում և արտահանումը երկրի սահմաններից դուրս:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ