ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ չընդունեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանի ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում էր ավելացնել խմբակցությունների փորձագետների թիվը:
Ըստ օրինագծի՝ 14 պատգամավոր ունեցող խմբակցությունները կարող են ունենալ մեկ աշխատակից և մինչև երեք փորձագետ, ինչպես սահմանված է հաստիքացուցակով, իսկ 14 պատգամավորից ավելի ունեցող խմբակցությունները կարող են ունենալ մեկ աշխատակից և մինչև հինգ փորձագետ։
«Իմ քայլը» խմբակցության անդամ Լիլիթ Մակունցը հայտնեց, որ իրենց խմբակցությունը քվեարկելու է ազատ:
Օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ չընդունվեց 51 կողմ, 25 դեմ և 15 ձեռնպահ ձայներով: Նախագծի ընդունման համար անհրաժեշտ էր 80 կողմ ձայն:
ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել է հոկտեմբերի 1-ի նիստում՝ 81 կողմ,4 դեմ և 23 ձեռնպահ ձայներով: