Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կապիկների ծաղկի վիրուսն առաջիկայում կանվանափոխի: Այս մասին հայտարարել Է ԱՀԿ-ի գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը:
«ԱՀԿ-ն նաև ամբողջ աշխարհի գործընկերների փորձագետների հետ աշխատում Է կապիկների ծաղկի վիրուսի և դրանով պայմանավորված հիվանդության անունը փոխելու վրա: Մենք նոր անվանումների մասին կհայտարարենք առաջիկայում»,-Գեբրեյեսուսը հայտարարել Է ճեպազրույցի ժամանակ: Տարբեր երկրների ավելի քան 30 գիտնականներ նամակ են պատրաստել, որում կոչ են արել բժշկական հանրակցությանը՝ վերանվանել հիվանդությունը: Նամակի համաձայն, գիտնականները կարծում են, թե վիրուսի անվանումը սխալ Է, նշելով, որ ԱՀԿ-ն հանձնարարում Է խուսափել հիվանդությունների անվանումներում օգտագործել աշխարհագրական տարածաշրջանների ու կենդանիների անունները: Գիտնականները նաև ընդգծել են, որ վիրուսը չի կարելի համարել աֆրիկյան:
Նամակի հեղինակների կարծիքով, կապիկների ծաղկի վերանվանումը կօգնի խուսափել խտրականությունից: ԱՀԿ-ի տվյալներով՝ ներկայում 39 երկրներում գրանցվել են կապիկների ծաղկի արդեն ավելի քան 1600 հաստատված եւ մոտավորապես 1500 ենթադրվող դեպքեր: Կապիկների ծաղիկը հազվադեպ վիրուսային հիվանդություն Է, որը փոխանցվում Է նաև մարդուց մարդուն: Սովորաբար դա թեթև հիվանդություն Է, և մարդկանց մեծ մասն ապաքինվում Է մի քանի շաբաթվա ընթացքում, սակայն ոմանց մոտ հնարավոր են բարդություններ: Մեծ Բրիտանիայի առողջապահության գործակալությունում նշել են, որ կապիկների ծաղիկը սեռական ճանապարհով փոխանցվող վարակ չի համարվում, սակայն կարող Է փոխանցվել վարակված մարդու հետ սերտ շփման դեպքում: Կապիկների ծաղկի նախնական ախտանշաններ են՝ տենդը, գլխացավը, մկանային ցավերը, մեջքի ցավերը, լիմֆատիկ հանգույցների մեծացումը, դողը և սրտխառնոցը: Կարող Է զարգանալ ցան, որը հաճախ սկսվում Է դեմքի վրա, իսկ հետո տարածվում մարմնի մյուս մասերում: Ցանը փոխվում եւ տարբեր փուլեր Է անցնում, նախքան վերջնականապես կաշվաթեփի ձեւավորումը, որն ավելի ուշ թափվում: