fbpx
Կառավարություն

Անցած տարի զոհված զինծառայողների 70-ից ավելի ընտանիքներում երեխաներ են ծնվել․ Փաշինյան

Կառավարությունն այսօրվա նիստում քննարկել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելիս կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահություն, հատուկ առաջադրանք, ծառայողական պարտականություններ կատարելիս զոհված կամ մահացած զինծառայողների ծնողների վերարտադրողական առողջության աջակցման միջոցառումը հաստատելու մասին նախագիծը:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ասել է` զոհված զինծառայողների ծնողների վերարտադրողական բուժօգնության ծառայությունները կդառնան ավելի շահավետ:

«Գործող կարգավորումներով արդեն իսկ զոհված զինծառայողների ծնողներին տրամադրվում է որոշակի սահմանափակ հնարավորություն՝ օգտվելու անվճար կամ արտոնյալ վերարտադրողական բուժօգնության ծառայություններից, սակայն դրանք ամբողջապես չեն ծածկում ծախսերը, օրինակ, փոխնակ մոր ծառայությունների, դոնորական ծառայությունների ծախսերը:

Վերջին վերլուծությունները ցույց են տալիս, որ այս պահին բազմաթիվ ծնողներ որոշում են կայացրել նոր զավակներ ունենալ, բայց, քանի որ ծառայությունները բավականին թանկ են, չեն կարողանում իրականացնել այդ որոշումը»,- ասել է նախարարը:

Հիմա ծախսերն ամբողջությամբ կիրականացվեն պետության կողմից:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նկատել է, որ դա պարզ հարց չէ:

«Հարցը բազմաթիվ նրբություններ ունի, այդ թվում՝ էթիկական նրբություններ, մենք այս որոշումներին մոտեցել ենք փուլ առ փուլ, նաև մեր զոհված զինծառայողների ծնողների հետ ամենատարբեր շփումների, քննարկումների արդյունքում որոշումը կայացրել ենք այն ժամանակ, երբ համոզվել ենք, որ իրենք են նախաձեռնողն, ու իրենք են շահառու»,- ասել է վարչապետը՝ հիշեցնելով, որ 2021 թվականի ընթացքում զոհված զինծառայողների 70-ից ավելի ընտանիքներում երեխաներ են ծնվել:

«Սա շատ խորհրդանշական, արժեքային ու գաղափարական նշանակություն ունեցող փաստ է, իմ խոնարհումը բոլոր այն ծնողներին, ովքեր նման որոշում են կայացրել»,- նշել է վարչապետը:

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի տեղեկացմամբ՝ 2021 թվականի ընթացքում ունեցել են 27 հղիություն, 35 դիմող էլ սպասում է այս հատվածի ներառմանը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ