fbpx
Կառավարություն

Արման Խոջոյանն այցելել է Սյունիքի մարզ

Օգոստոսի 23-ին նախարարի տեղակալ Արման Խոջոյանն այցելել է Սյունիքի մարզի տարբեր համայնքներ և ծանոթացել «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» երկրորդ ծրագրով (ՀԳՌԿՄ֊2) իրականացված աշխատանքներին։

Այցի սկզբում Սիսիան համայնքում Արման Խոջոյանը հետևել է ծրագրի շրջանակում Գորիսի, Մեղրիի և Սիսիանի 16 համայնքների «Արոտօգտագործողների միավորում» սպառողական կոոպերատիվների համար կազմակերպված դասընթացներին, պատասխանել մասնակիցների հարցերին, տվել մի շարք պարզաբանումներ մասնակիցներին հուզող հարցերի վերաբերյալ։

Նույն օրը Արման Խոջոյանը ծանոթացել է Սիսիան համայնքի Տոլորս բնակավայրում ընթացիկ տարում ՀԳՌԿՄ-2 ծրագրի շրջանակում ներդրված ջրարբիացման համակարգերին: Ծրագրի շրջանակում կառուցվել է 30 մետր երկարությամբ խմոց՝ մոտ 100 մետր ջրագծով, և հովիվների կացարան։

Այնուհետև նախարարի տեղակալն այցելել է Սիսիանի «Շաքե֊1» հյութերի արտադրամաս, որը ՀԳՌԿՄ-2 աջակցության ծրագրի շրջանակում ձեռք է բերել արտադրական սարքավորումներ (շշալցնող սարքեր, սառնարաններ, եփման կաթսաներ), որոնց շնորհիվ վերջինս պատրաստվում է ընդլայնել արտադրական ծավալները․ մոտ ապագայում նախատեսվում է իրականացնել նաև չիչխանի, մասուրի, մոշի, հոնի և խնձորի բնական հյութերի արտադրություն։

Սյունքի մարզ կատարած այցի շրջանակում Արման Խոջոյանը այցելել է նաև Նժդեհ և Լոր համայնքներ։ Նժդեհ համայնքում ծրագրով կառուցվել է 18 մետր երկարությամբ խմոց, որի ջրագիծը կազմում է 900 մետր, ինչպես նաև նույն ծրագրով հիմնվել է փարախ և հովիվների կացարան։

Լոր համայնքում ևս իրականացվել են ջրարբիացման համակարգերի ներդրման աշխատանքներ․ կառուցվել է շուրջ 400մ ջրագիծ, 24 մետրանոց խմոց, նաև հովիվների կացարան։

«Այսօր Սյունիքի մարզում մենք ականատես եղանք, թե ինչպես են ջրարբիացման համակարգերի շինարարության արդյունքում արոտները դառնում օգտագործելի։ Այն մի քանի խնդիր է լուծում․ առաջինը՝ նպաստում է այս պահին առկա արոտների արդյունավետ օգտագործմանը, երկրորդը՝ չեն դեգրադացվում չօգտագործվող տարածքները», – նշել է Արման Խոջոյանը՝ հավելելով, որ 2021 թվականին ՀՀ կառավարությունը 700 մլն ՀՀ դրամ է ուղղել ջրարբիացման համակարգերի կառուցմանը, և այս պահին աշխատանքներն ընթանում են շուրջ 19 համայնքներում, որոնցից 7-ը՝ Սյունիքի մարզում։ Նախարարի տեղակալն առանձնահատուկ կարևորել է Սյունիքի մարզում ՀԳՌԿՄ֊2 ծրագրի իրականացումը և հորդորել մարզի համայնքներին ու գյուղատնտեսական կոոպերատիվներին՝ ավելի ակտիվ մասնակցություն ունենալ ծրագրի իրագործման աշխատանքներում։

Տեղեկացնենք, որ Սյունիքի մարզի 7 համայնքում (Լոր, Նորավան, Նժդեհ, Շաղատ, Շուռնուխ, Տոլորս և Գորիս) և բնակավայրերում արոտների ջրարբիացման համակարգերի կառուցման 2021 թվականին մեկնարկած ծրագրով նախատեսված է կառուցել շուրջ 7,1 կմ ջրագիծ, 9 խմոց, 2 փարախ, հովվի 4 տնակ, ընդհանուր արժեքը՝ շուրջ 112 մլն ՀՀ դրամ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ