fbpx
Հասարակություն

Ռուս խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր են այցելել ՌԴ ԴԺ Պետական դումայի պատգամավոր Պավել Շպերովը, ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի պատգամավորներ Տատյանա Կուսայկոն ու Յուրի Արխարովը ՀՀ ԱԺ պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովի ուղեկցությամբ:

Ռուս խորհրդարանականները ծաղիկներ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ:

Հյուրերը եղել են նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացել են ցեղասպանությունը փաստող ցուցանմուշներին, գրառում կատարել «Պատվավոր հյուրերի» հուշամատյանում:

Տատյանա Կուսայկոն նշել է, որ ամբողջովին համաձայն է իր երկրի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որ նա հայերի սպանությունը համարում է Ռուսաստանի անձնական ցավը.

«Թանգարան այցելությունն ինձ վրա թողեց ծանր տպավորություն, և հենց այս պահին շատ հուզված եմ խոսում: Հասկացա, թե ինչքան կարևոր է ամբողջ աշխարհի համար բարեկամությունն ու խաղաղությունը, որ չկրկնվի մարդկության հանդեպ այսպիսի հանցագործությունը: Հայերի հանդեպ կատարվածը շատ ծանր դաս է, որը մենք պետք է հաղթահարենք եւ դասեր քաղենք»:

ՌԴ ԴԺ Պետական դումայի պատգամավորներն այցելել են նաև Երևանի քաղաքապետարան` մասնակցելով «Վտանգված ժառանգություն. Արցախ» ցուցահանդեսի բացման արարողությանը:

«Վտանգված ժառանգություն. Արցախ» ցուցահանդեսում ներկայացված են Արցախի պատմամշակութային եւ հոգևոր ժառանգությունը ներկայացնող 120-ից ավելի լուսանկարներ, Արցախում ստեղծված ձեռագրեր եւ գորգեր, ինչպես նաև Շուշիում տպագրված առաջին գրքերը:

Ցուցահանդեսում ընդգրկվել են լուսանկարներ նաեւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի արխիվից, Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամից, հուշարձանագետ Սամվել Կարապետյանի արխիվից, Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանից:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ